HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՆԳՆ-ն կներառի 3 ծառայություն․ նախարարի տեղակալը կլինի ոստիկանության պետը

Ներքին գործերի նախարարությունը ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 24-ի նիստին հայտնեց Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։

Ըստ նրա՝ նախարարությունում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանում, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր:

«Որպես ուղենիշ է ընդունվել այն սկզբունքը, որ ենթակա պետական մարմինները կենտրոնանալու են միայն իրենց մասնագիտական ֆունկցիայի իրականացման վրա, ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ տեղակալները Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ նշանակվելու և ազատվելու են կրկին վարչապետի կողմից»,- նշեց փոխնախարարը։

Նախարարի անմիջական ենթակայությամբ նախատեսվելու է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն, որը գերատեսչական վերահսկողություն է իրականացնելու ամբողջ համակարգի ծառայության որակի նկատմամբ։

Նախարարության իրավասությանն են հանձնվելու հանրային ծառայություններ հանդիսացող և ներկայում ոստիկանության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ։

Հաշվի առնելով փրկարար և ոստիկանության ծառայողների համար սոցիալական երաշխիքների գործող համակարգը՝ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում քաղաքացիական ծառայության անցնելու դեպքում նախագծով նախատեսվում է կարգավորում, որով այդ ծառայողները նշանակվելու օրվանից հետո 5 տարվա ընթացքում օգտվելու են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից։

Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունն առաջարկվում է դադարեցնել, որպես անցումային փուլ՝ նախատեսվել է մինչև 4 ամիս ժամկետ։

«Նախագծերի ընդունումից հետո կարճ ժամանակահատված ունենալու ենք Կառավարության 13 անդամ, որից հետո, երբ ամբողջությամբ դադարեցվի ԱԻՆ գործունեությունը, կվերադառնանք 12 անդամով գործունեության ծավալմանը»,- հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ խոսքը միայն նախարարությունների թվի փոփոխության և օպտիմալացման մասին չէ, չնայած՝ դա նույնպես իրենց խնդիրներից է։

«Այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ ՆԳՆ նախարարի տեղակալը կլինի ոստիկանության պետը։ Վերջինս կընդգրկվի նաև Անվտանգության խորհրդի կազմում։ Ոստիկանության զորքերը կվերակազմավորվեն որպես ոստիկանության գվարդիա, որն, ըստ Փաշինյանի, ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության առումով։

Նախագիծն անհետաձգելի կարգով կքննարկվի ԱԺ-ում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter