HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՊՊԾ-ն ենթակա կլինի վարչապետին, ԱԺ նախագահն անձնական բժիշկ կունենա

Կառավարությունն առաջարկում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայությունից և դարձնել վարչապետին ենթակա մարմին։ Որոշման նախագիծն ընդունվեց գործադիրի նոյեմբերի 24-ի նիստում։

«Այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակում է»,- Կառավարության նիստին հայտնեց Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը։

Ըստ ԱԽ ղեկավարի՝ կարևոր դրույթներից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն, օրենքում կատարվող փոփոխությամբ՝ այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում՝ 10 տարի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ անհրաժեշտություն դեպքում ժամկետը կերկարացվի։

Պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել վարչապետի որոշմամբ (օրինակ՝ կախված այն հանգամանքից, թե վերջիններս ինչ տեղեկատվության կրող են կամ արդյոք վերջիններիս կյանքին որևէ վտանգ է սպառնում)։

Առաջարկվում է նաև իրավակարգավորումներ նախատեսել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն տրամադրելու նպատակով, մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:

Բացի այդ, առաջարկվում է անձնական բժիշկ տրամադրել Ազգային ժողովի նախագահին, իսկ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ ինքը հրաժարվելու է անձնական բժշկի հնարավորությունից և առաջարկելու է այն կիրառել հաջորդ ԱԺ նախագահի դեպքում։

Ըստ նախագծի՝ նշված անձանց առողջության պահպանումը փոխկապակցված է անվտանգության հետ:

Որոշման նախագծի ընդունումը Կառավարությունն անհետաձգելի է համարել։ Այն դեռ պետք է հավանության արժանանա Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter