HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընդդիմադիրները վտանգ են տեսնում. Օրենքի նախագծով հնարավորություն է ստեղծվում ոչնչացնել ԱԱԾ արխիվային փաստաթղթերը

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ` հատուկ ընթացակարգով: Ներկայացվել է հինգ հիմնական օրենքներում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծեր: Կառավարությունն առաջարկել էր նախագծերը քննարկել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Իսկ պատգամավորների գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվել էր 3 ժամ:

Պատգամավորները 58 կողմ և 29 դեմ ձայներով ընդունեցին հատուկ ընթացակարգով հարցերը քննարկելու որոշման նախագիծը: Դեմ էին քվեարկել ընդդիմադիր պատգամավորները:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի էր 24-ժամյա ռեժիմով հարցերի քննարկման տրամաբանությունը: Ըստ պատգամավորի, եթե դրանք կարևոր հարցեր են, ապա պետք է քննարկման համար տրամադրվի երկար ժամանակ, իսկ եթե հրատապ են՝ կառավարությունը պետք է շուտ ներկայացներ:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին անհանգստացնում էր հատկապես «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

ԱԺ ամբիոնից նախագծերի հրատապությունը ներկայացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նախարարի տեղակալը շրջանցեց արտահերթ նիստով քննարկման ներկայացրած «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի՝ արխիվային փաստաթղթերին վերաբերող դրույթը:

«Արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որը պետք է հենց հիմա որոշվի, այս ռեժիմով որոշվի, որ պետք է վերացվի»,-հետաքրքրվեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Արման Պողոսյանը ներկայացրեց այլ նախագծերի հրատապությանը՝ այդպես էլ չանդրադառնալով նշված նախագծի մատնանշած դրույթին, որին վերաբերում էր պատգամավորի հարցը: 

«Եթե դուք օրինակ եք բերում, խնդրում եմ իմ բերած օրինակի վրա մանրամասնեք: Արխիվում այդ ինչ թուղթ կա, որ պետք է հենց հիմա որոշվի, որ վերացվի»,-ասաց պատգամավոր Խաչատրյանը:

Արման Պողոսյանն ասաց՝ չի հասկանում, թե ինչ թղթի վերացման մասին է խոսքը: Նշեց, որ պատրաստ են համատեղ քննարկել նախագծերը:

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը ճշգրտեց, թե ինչ փաստաթղթերի ոչնչացման մասին է խոսքը: Նախարարի տեղակալը դարձյալ հստակ չպատասխանեց՝ ասելով, թե հարցին կանդրադառնան նախագծի բովանդակային քննարկման ժամանակ:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» գործող օրենքով նախատեսված է, որ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»: Կառավարությունը արտահերթ նիստով ներկայացրած նախագծով առաջարկում է նաև փաստաթղթերի ոչնչացում՝ հետևյալ շարադրմամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

Նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԱԱԾ-ն, որպես լիազոր մարմին, իրավունք ունի գազտնազերծել փաստաթղթերը: Առաջարկվող փոփոխությամբ իրավունք է վերապահվում ոչնչացնել արխիվը: 

«Հարցը շատ պարզ է՝ ի՞նչ հիմնավորումներով եք դուք դա բերում: Կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ հսկայածավալ արխիվային նյութեր, որոնք պետք է բացահայտեն գործակալների մի մեծ ցանց, ուղղակի ոչնչացվել են»,-Արծվիկ Մինասյանը հարցրեց հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանին:

Վ. Գաբրիելյանի կարծիքով՝ փաստաթղթերը սկզբում պետք է գաղտնազերծել հետո ոչնչացնել, այլ ոչ ուղղակի ոչնչացնել: Նա կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին, առաջարկներ ունենալու դեպքում ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը: 

Արծվիկ Մինասյանը չհամոզվեց, որ նախագծով առաջարկվում է գաղտնազերծում նոր միայն ոչնչացում: Ըստ նրա՝ եթե նման բան է նախատեսվում, ապա պետք է լինի հստակ կարգավորում, որ ոչնչացվել կարող են բացառապես գաղտնազերծումից հետո: Բացի այդ, ըստ Արծվիկ Մինասյանի, հստակ չէ, թե որ փաստաթղթերի ոչնչացման մասին է խոսքը: Օրինակ, ընթացիկ աշխատանքներին վերաբերող, հաշվապահական փաստաթղերը կարող են արխիվացվել և հետո օրենքով սահմանված ժամկետում ոչնչացվել: Սակայն, չկա հստակ տարանջատում և նախագծի այս ձևակերպմամբ ստացվում է, որ ցանկացած փաստաթուղթ կարող է ոչնչացվել ԱԱԾ-ի կողմից:

Մտքերի փոխանակության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց հասարակական գործիչներին, ակտիվիստներին, ովքեր տարիներ շարունակ խոսել են ԱԱԾ մարմինների հետ գաղտնի համագործակցության, գործակալական ցանցերի բացահայտման մասին: Մանուկյանը, հակադարձելով Վիլեն Գաբրիելյանի ասածին, պնդեց, որ նախագծով առաջարկվում է ոչ թե գաղտնազերծել հետո ոչնչացնել, այլ հստակ նշված է՝ «գաղտնազերծվում կամ ոչնչացվում են»: 

Պատգամավոր Մանուկյանը մտահոգված էր նաև, որ նախագիծը հնարավորություն է տալիս փաստաթղթերը ոչնչացնել օրենքից բացի այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

«Դիցուք վաղը կառավարությունում չզեկուցվող մի հարցով որոշվում է ցանկացած մեկին վերապահել լիազորություն ԱԱԾ արխիվում եղած գաղտնի փաստաթուղթը ոչնչացնել, որպեսզի հետագայում հանրության սեփականությունը չդառնա»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ երբ նախագիծը քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի ընդդիմադիր անդամները, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանը, չեն մասնակցել նիստին:

«Ինչ վերաբերում է գործակալական ցանցերի հնարավոր բացահայտմանը, ես մեծ հույս ունեմ, որ մի մեծ գործակալական ցանց այնուամենայնիվ կբացահայտվի: Բայց ցավս կայանում է նրանում, որ ենթադրաբար այդ գործակալական ցանցը Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների հետ չի, որ աշխատում է: Հետևաբար այդ գործակալական ցանցի անունները ՀՀ հատուկ ծառայություններում չի, որ գրված են»,-ասաց Վ. Ալեքսանյանը՝ հավելելով, որ ուրիշ երկրներում գաղտնազերծվելու դեպքում այդ անուններն ի հայտ կգան:

Իշխանական պատգամավորը նշեց, որ «Մարտի 1»-ի գործին վերաբերող որոշ փաստաթղթեր գողացվել են «հեղափոխության հասունացումից» առաջ: Հետևաբար հարց տվեց, թե դահլիճում ընդդիմադիրներից կամ նրանց կոալիցիոն գործընկերներից ովքեր են գողացել այդ փաստաթղթերը:

Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ չէր հասկանում, թե ընդդիմադիր պատգամավորներն ինչու են գործակալների բացահայտման հարցը հիմա առաջ քաշում: Քոչարյանը նաև պատասխանեց իր առաջ քաշած հարցին. «եթե գործակալները չլինեն, հատուկ ծառայությունները, իմացեք, ոչ մի բան չեն կարող անել»:

Ինչ վերաբերում է նախագծում նշված փաստաթղթերի ոչնչացմանը, ապա Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ գործակալական ցանցերին վերաբերող փաստաթղթերը չեն կարող ոչնչացվել: 

«Կոչնչացվի նա, որը որ կոչնչացվի»,-ասաց իշխանական պատգամավորը հավելելով, թե մտահոգվելու շատ բան չունենք:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ ընդդիմադիրների բարձրացված հարցերը կարգավորված են դեռևս 1996թ-ին ընդունված Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքով, որով նախատեսված է ոչնչացման ենթակա փաստաթղթերի ժամկետներն ու դեպքերը: Ըստ Սիմոնյանի՝ այդ հարցերին անդրադարձ կատարել է նաև կառավարությունը՝ 2002թ. ընդունված որոշմամբ:

ԱԱԾ պետի տեղակալն ասաց, որ քննարկվող նախագծով նախատեսված չէ ոչնչացման ենթակա փաստաթուղթ, որը  հնարավոր չէ ոչնչացնել գործող օրենքով:

«Օրենսդրական փաթեթը ներկայացվել է գործող օրենսդրությանը ներդաշնակեցնելու խնդրով պայմանավորված: Այսինքն որևէ նոր բան չի լինելու այս օրենքի ընդունման արդյունքում, ինչը չէր կարող լինել մինչև այս կարգավորումները»,-հավելեց Անդրանիկ Սիմոնյանը:

Նախագծով առաջարկվում էին նաև այլ փոփոխություններ, որոնց մասին այդքան էլ չբարձրաձայնվեց՝ վերը նշված դրույթի քննարկման պատճառով: Մասնավորապես, առաջարկվում է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ազգային անվտանգության ծառայության լիազորությունների հստակեցում՝ կիբեռանվտանգության տեսանկյունից: Նախատեսվել է, որ ԱԱԾ-ն համակարգելու է պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների համակարգչային միջադեպերին արձագանքելու աշխատանքները և այլն:

Նախագծով վերանայվել է նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայության սահմանային տարիքի շեմը:

Ազգային ժողովը 60 կողմ, 29 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագծերը: Ընդդիմադիր պատգամավորները դեմ են քվեարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter