
Մակրոնը դեմ է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակվի Մեծ Բրիտանիայի կամ Թուրքիայի ներկայացուցիչը
Էմանուել Մակրոնը դեմ է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակվի Մեծ Բրիտանիայի կամ Թուրքիայի ներկայացուցիչ։ Ըստ բրիտանական Daily Express-ի՝ Ֆրանսիայի նախագահը, հատկապես, կարող է վետո կիրառել այդ պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությանը, եթե վերջինս առաջադրվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Բրիտանական տաբլոիդի պնդմամբ՝ բրիտանացի օրենսդիրներն արդեն իսկ կտրուկ արձագանքել են Էմանուել Մակրոնի այդ մտադրությանը։ Պահպանողական պատգամավոր Դևիդ Բրիջենի խոսքով՝ եթե Ֆրանսիայի առաջնորդն այդպես է մտածում, «դա խոսում է նրա անգլիատյացության մասին, քանի որ Ուոլեսը համարվում է բարձր պաշտոնի համար կատարյալ թեկնածու»։
«Չնայած ես համարում եմ, որ Բեն Ուոլեսի նշանակումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է մեծ կորուստ լինել բրիտանական կառավարության համար, ես ընդհանրապես չեմ կասկածում նրանում, որ նա կատարյալ թեկնածու կարող է լինել այդ պաշտոնի համար»,- նշել է խորհրդարանականը։
Վերջինիս հետ համաձայնել է նաև մեկ այլ պատգամավոր՝ Դևիդ Ջոնսը։ Վերջինս հայտարարել է, որ «ցանկացած խելամիտ մարդ պետք է խոստովանի, որ այդ պաշտոնին մի երկրի ներկայացուցչի նշանակումը, որը տիրապետում է ռազմական մտքին, կարող է լավ գաղափար լինել»։
Բեն Ուոլեսը մի քանի անգամ հիշատակվել է նորվեգացի Ենս Սթոլթենբերգի հավանական իրավահաջորդների թվում, որը Հյուսիսատլանտյան դաշինքը գլխավորում է 2014 թվականի հոկտեմբերից։ Ընդորում, վերջինս խուսափողական պատասխան էր տվել այդ պաշտոնում իր հնարավոր նշանակմանը։ The Times և Financial Times թերթերի տվյալներով՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող են առաջադրվել Նիդերլանդների գործող վարչապետ Մարկ Ռյուտեն, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն և Կանադայի փոխվարչապետ Քրիստյա Ֆրիլանդը։ Հավանական թեկնածուների թվում, ավելի վաղ, նշվում էր նաև Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը և Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը։
Սթոլթենբերգը պետք է լքեր իր զբաղեցրած պաշտոնն այս տարվա աշնանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով, ինչը պայմանավորված էր Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմով։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել