HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիդերլանդների խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկիր

Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 24-ին Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկիր, ինչը պայմանավորված է Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման հետ։ Այդ մասին հայտնում է NRC Handelsblad-ը։

Խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունն աջակցել է GroenLinks («Կանաչ ձախեր) կուսակցության պատգամավոր Թոմա Վան դեր Լիի առաջարկին։ Իր նախագծում պատգամավորն ընդգծում էր, որ ռուսական բանակը «համակարգված և մտածված» հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքացիական թիրախներին, որի հետևանքով երկրի բնակչության մեծամասնությունը մնացել է առանց էլեկտրականության։

Այդ երկրի արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան հայտարարել է, որ խորհրդարանի որոշումն ունի խորհրդանշական բնույթ, քանի որ Նիդերլանդների օրենսդրությամբ չի նախատեսվում հետևանքներ այն երկրների համար, որոնք ճանաչվել են ահաբեկչության հովանավոր։

Նոյեմբերի 23-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել էր նմանատիպ որոշում։ Խորհրդարանում նշել էին, որ քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում էներգետիկ ենթակառուցվածքներին, հիվանդանոցներին, դպրոցներին և ապաստարաններին, ռուսական զորքերի հարվածները միջազգային իրավունքի խախտում են։ Նոյեմբերի 21-ին էլ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն էր ՌԴ-ին ճանաչել ահաբեկչական պետություն։ Փաստաթուղթը կոչ էր անում ստեղծել ռուսական ագրեսիայի հատուկ միջազգային տրիբունալ։ Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ ընդունած բանաձևում էլ նշվում էր, որ Ռուսաստանը ահաբեկչական վարչակարգով երկիր է։

Բացի այս կառույցները, նմանատիպ որոշումներ են ընդունել նաև Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Չեխիայի խորհրդարանները, որոնք Ռուսաստանին հայտարարել են ահաբեկչությանն աջակցող երկիր։

Լուսանկարը՝ holland.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter