
Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում
Վերջին օրերին Արցախում քննարկվում է նոր կառավարության ձեւավորման հարցը, տրվում են տարբեր թեկնածուների անուններ՝ այս կամ այն պաշտոնում նշանակման համար: Արցախի կառավարության «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում քննարկվում է Հայաստանի նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Չնայած Օսկանյանը մերժել է առաջարկը, նրան շարունակում են «համոզել»:
Արցախում դժգոհություն են առաջացրել Ռուբեն Վարդանյանի կողմից Կամո Աղաջանյանին պետական համակարգում կրկին պաշտոն առաջարկելու մասին լուրերը: Նախկին ոստիկանապետ, Արցախի ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի մասին բազմաթիվ սկանդալային պատմություններ են հայտնի արցախցիներին: Նրա բիզնեսների, նրա մտերիմների «քաջագործությունների» մասին Արցախում, մասնավորապես՝ Հադրութում բոլորը գիտեին: Պատերազմից հետո նրան նշանակել են ՀՀ-ում Արցախի նախագահի ներկայացուցիչ:
Ահա մի դրվագ նրա գործունեությունից: Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին։ Այստեղ աշխատում էր նրա մտերիմ Աշոտ Ամիրջանյանը: Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է ստացել տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Կ. Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը: Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված, խանութներ, սննդի կետեր:
Երեւանում Կամո Աղաջանյանին կարելի է հաճախ հանդիպել Հյուսիսային պողոտայի ռեստորաններում։ Նա հանդիպում է տարբեր գործարարների հետ, ամենայն հավանականությամբ, Հայաստանում իր ունեցած բիզնեսի գործերով:
Ու անհասկանալի է, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը ցանկանում նրան կրկին պաշտոն առաջարկել։
Վարուժան Գալստյան, Ստեփանակերտ
Մեկնաբանել