HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակմանը

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունների շարունակմանը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Այսպես է ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել այն հարցին, թե արդյոք Փարիզը պլանավորում է շարունակել Երևանի և Բաքվի մինչև հանդիպումները՝ նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։

«Ֆրանսիան նախկինի պես ամբողջությամբ հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում հանդիպումներից հետո ընթացիկ բանակցություններին աջակցությանը»,- նշվում է այդ երկրի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի պատճառով հրաժարվել է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից իր օգնական Հիքմեթ Հաջիևին հայտնել էին, որ Հայաստանը բանակցություններին կմասնակցի, եթե այդտեղ ներկա լինի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչը, ըստ Ալիևի, Բաքվի համար ընդունելի չէ։ 

«Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր հարցազրույցում քննադատեց Ադրբեջանին և մեզ մեղադրեց մի բանում, ինչը մենք չենք արել։ Դրանից հետո հաջորդեց Ֆրանսիայի սենատին բոլորին հայտնի բանաձևը, որը բացարձակ անընդունելի է և վիրավորական։ Այնուհետև Ֆրանսիայի ազգային ժողովում հակաադրբեջանական ևս մեկ բանաձև, իսկ հետո մեզ վրա հարձակվելու Ֆրանսիայի փորձը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով։ <...> Հաշվի առնելով այս ամենը, պարզ է, որ Ֆրանսիան չէր կարող մասնակցություն ունենալ խաղաղության գործընթացին»,- Բաքվում ասել էր Ալիևը։

Ավելի ուշ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է դեկտեմբերի 7-ին հանդիպել այն ձևաչափով և այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի և ԵՄ-ի առաջնորդների Պրահայում կայացած հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն»,- ասել էր նա։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter