HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեքստը՝ պատերազմական իրականության հետ հարաբերվելու փորձ

«Սա ձախողված օրագրություն ա։ Սա ձախողման վավերագրություն ա։ Սա նամակագրության ջանք ա. նամակներ գրելու մեր պահանջի ու նամակներ գրելու կարողության արանքում ժամանակային կացին կա։ Ներկան, որը պետք ա դառնար օր-ա-գիր, քացահարել ա, խեղել ա միտքը, աղճատել ա լինելու ու զգալու բնականությունը: Ներկան հաշմվել ա: Ներկան՝ վառոդ: Ներկան բիբի սև կետ։ Ներկան շատ ա մոտեցել։ Ներկան չի թողել, որ իրան տեսնես-գրես: Օր-ա-գիր, որ պետք ա մեզ պատահածը նամակ սարքեր, բայց դանդաղել ա։ Նամակագրությունը՝ հեռավորությունների ցուցիչ։ Տարբեր տարածքներ: Տարբեր իրականություններ: Դրանք իրար հարաբերելու հնար: էս տեքստը խոսել-գրելը հնարավոր ա դարձել մեր՝ իրար մոտ լինելուց հետո։ Իրար հանդիպելուց հետո։ Միտեղվել։ Մեկտեղվել։ Հիշել։ Օրագիր-հեռադիտակ դեպի անցյալ: Օրագիր-խոշորացույց: Նամականի:

Պատերազմի ընթացքում էր:

Պատերազմից անմիջապես հետո էր:

Ես ուզում էի խոսալ:

Գոհարը լռում էր»:

Պատերի վրա ձեռագործ գորգերով և կարպետներով սենյակում, շուրջ երկու տասնյակ հյուրերի դիմաց նստած գրող, հետազոտող Անահիտ Ղազարյանը և Գոհար Խաչատրյանը, մի փոքր հուզվելով, մի փոքր էլ լարված պատմում են «Գրողություններ. պատերազմ ա» գրքի ստեղծման պատմությունը։

«Տեքստը գրվել ա շատ տարօրինակ ձևով, գրվել ա առանց մտածելու, որ պիտի դառնա գիրք, ուղղակի եղել ա կյանքի ու իրականության հետ հարաբերվելու փորձ։ Փորձ խոսելու ու հասկանալու, թե մենք երկուսս ինչ վիճակում ենք, ինչ ա մեզ հետ կատարվում»,- ասում է Անահիտը։

Հեղինակների միջև ինտերնետային նամակագրության, երկխոսության ձևով գրված գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին։ Գրքում նրանք ներկայացնում են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ունեցած իրենց մտորումներն ու ապրումները։

«Սա իմ գրելու առաջին փորձն էր ու ես չեմ կարծում, թե լավ եմ գրում։ Դիմադրում էի, ասում էի, որ սա շատ սովորական բան ա, սովորական տեքստ ա, որը միգուցե ոչ մեկին պետք չի, բայց Անահիտը հակադարձում էր, որ ինքը հենց դրանով ա կարևոր, մի փորձ ա, որը երբեք չի դառնում գրականություն, Անահիտին բավականին շատ ջանք պահանջվեց, որ ցույց տա իմ գրածի կարևորությունը»,- պատմում է Գոհարը։

Պատերազմի ժամանակ Անահիտը Լոնդոնում էր և հեռվից հետևում էր լուրերին, իսկ Գոհարը Ստեփանակերտում էր, համակարգում էր պատերազմը լուսաբանող միջազգային լրագրողների աշխատանքը:

Գիրքը ներկայացնում է երկու ընկերոջ ցավոտ և անկեղծ զրույցը, նրանց մտքերն ու հույզերը՝ առօրյա կյանքի աննկատելի սովորականությունները` բերելով գրական տարածություն ու տալով պատերազմի կործանարար ազդեցության մասին չֆիլտրված տեսակետ։

Գրողություն բառը հորիներ են հեղինակները։ Բառախաղ է. գրողություն՝ որպես նոթեր, և գրող բառը՝ գրող ու սև ցավ արտահայտության մեջ օգտագործվող իմաստով։

«Ան, պատերազմից հետո չէի կարող խոսալ, չէի կարող խոսալ մարդկանց հետ, ովքեր իմ հետ չէին եղել էդ օրերին: էդ մարդկանց թիվը խիստ սահմանափակ էր՝ երեք-չորս հոգի: Նենց չէր, որ մարդկանց հետ, ովքեր իմ հետ էին եղել, խոսում էի պատերազմից: Ուղղակի իրանց հետ լինելու պահանջ կար։ Անկապ բաներից էինք խոսում, ուրիշների հետ էդ անկապ բաներից էլ չէի կարող խոսալ։ Ուրիշներն ինձ հարցեր էին տալիս. իրանք ինձ ոչ մի բան չէին հարցնում: Իմ համար պատերազմի ընթացքում նստել-գրելը ահավոր ոչ կարևոր էր: Իմ ուղեղը զբաղված էր մի խնդրով. դրանից կտրվել, ուրիշ գործողություն անելը անհնար էր: Անիմաստ: Իմ ուղեղը ընդունակ չէր դրան: Պատերազմից մի տարի հետո էր, երբ սկսեցի ինչ-որ բաներ զգալ։ Ավելի շատ տխրության տեսքով: Քաղաքից դուրս էինք գնացել yoga retreat-ի: Հանգիստ էր, յոգա էինք անում, վերջում մի բանաստեղծություն կարդացինք, որտեղ գուցե պատերազմ բառը չկար էլ, ուղղակի ընդհանուր հարց էր՝ ինչպիսի աշխարհ ենք ուզում տեսնել աշխարհ, որտեղ մարդիկ իրար չեն վնասում ու սպանում։ Շատ հուզվեցի էդ բանաստեղծությունից ու հասկացա, որ դեռ պատերազմի ընթացքում ունեցած էմոցիաներն եմ հանում իմ միջից, որոնք էն ժամանակ ինձ թույլ չեմ տվել զգալ։

Պատերազմից հետո ավելի դժվար էր, քան ընթացքում: Պատերազմից հետո ոչ մի բան չէի կարող անել: Ոչ մի քան չէի ուզում անել։ Շատ բաներ կան, որ չեմ հիշում: Ու էդ ինձ մտածել ա տալիս, որ էնքան չեմ ապրել, որ նույնիսկ չեմ հիշում՝ ոնց եմ ապրել։ Ես փորձում էի հիշել էդ ձմեռ ցուրտ էր, թե՞ չէ, ու չէի կարողանում: Ես հիշողություն չունեմ էդ օրերից մենակ հիշում եմ, որ պատերազմից անմիջապես հետո անընդհատ ուզում էի էմիլիին, Ասքոյին ու Բաբկենին տեսնել: Մենակ իրանց կողքին էր, որ կարող էի մի քիչ հանգիստ զգալ։ Լինում էր, որ նույնիսկ չէի կարող նստել: Պետք ա հետուառաջ անեի սենյակում: Կամ ուղղակի պառկեի: Ոնց որ ոչ մի գործողություն չկարողանայի անել։ էդ թվում՝ խոսալ։ Լողանալ: Երևի լողանում էի, որ չլողանայի, կհիշեի, որ չեմ լողանում: Գործի գնալն էր սարսափելի դժվար: Նախ անընդհատ հետաձգում էի: Հետո, երբ սկսեցի գնալ, կարող ա ժամը երեքին ասեի՝ ես գնացի տուն, չնայած գործը յոթին էր ավարտվում: Նույնիսկ եթե մնայի գործի տեղում, բան չէի կարողանա անել։ Ու փառք Աստծո, էդ ժամանակ շատ գործ էլ չունեինք, թե չէ լավ չէր լինի:

Տուն էի գնում: Բայց չեմ հիշում՝ ինչ էի անում։»

Անահիտի խոսքով՝ գրքի միջոցով նա փորձում է ամենօրյա նամակների ժանրը բերել հայ ժամանակակից գրականություն։ «Ես փորձում եմ բռնել մի բան, որ ամենուր ա, ամեն տեղ ա, աննկատ ա, բռնել էդ չաթը և փորձել չաթը բերել գրական տարածություն։ Այսինքն՝ այդ սովորականությունը, բերել մի բան, որը հերոսական չի, բերել մի բան, որը չի ենթադրվում, որ կարևոր ա, բայց որը անում ենք բոլորս»,- պատմում է նա։

Հեղինակների խոսքով՝ գրքի սրբագրիչը ժամանակ առ ժամանակ «ցնցումների» մեջ էր ընկնում, ասելով, որ ա-երով են գրում, որ գրքում օգտագործվող բառերը շատ սովորական են։ «Բայց մենք դիմադրում էինք, ոնց կարող էինք, որովհետև սա շատ անկեղծ զրույց ա եղել»,- ասում է Գոհարը։

Երիտասարդ հեղինակները համագործակցել են դիզայներ, պատկերազարդող Նորա Գալֆայանի հետ և փորձել են տարօրինակ երկխոսությունը, անսովոր ֆորմատը վիզուալ լեզվով փոխանցել։

Գրքի շապիկը կանանց գրած տեքստն է։ «Շապիկը ոնց որ աղմուկ ա, տենց սև կետեր են, որտեղից մեկ- մեկ թափանցում են ինչ-որ բառեր, ուշադիր ընթերցողը գուցե որոշ բառեր որսա։ Փորձել ենք տեքստի հետ հարաբերվելը փոխանցել նաև ֆիզիկական գրքի միջոցով, երբեմն մեր միջև եղած այդ լռությունը, մեր ապրած դատարկությունը դատարկ էջերն են, նաև տարբեր որակի թուղթ ենք օգտագործել, ուշադիր ընթերցողը տեքստը կարդալուց կհասկանա, թե ինչու ենք գրքի դիզայնի վերաբերյալ նման որոշումներ կայացրել»,- բացատրում է Անահիտը։

«Գոհարի համար ունեցած անհանգստությունս ու որևէ բան անելու անկարողությունն ինձ նստացրին համակարգչի առաջ, ասեցին՝ գրի:

Գրելը՝ պարտություն կյանքին:

Գրելը՝ վերք:

Գրելը՝ սպեղանի:

Ընկերը՝ կյանքի հետ կապ: Ապրելու համախոհ։

Ընկերոք չլինելու միտքը` քո չլինելու միտք:

Խոսալը՝ ողջությունդ վկայող։

Գոհարը միշտ դեպի ներս ա ապրում։ Գոհարը ոչ բառով, ոչ վարքով նույնիսկ չի էլ ակնարկում, որ օգնության կարիք ունի: Գոհարը միշտ օգնողն ա, հոգացողն ա, հասնողն ա: Բայց ոչ երբեք մեկը, ում պետք ա օգնել: Ես տագնապում էի, մտածում էի՝ ինքը չի խոսի իր հույզը, իր ցավը, իր վախը: Պատերազմը ներսում կպահի։ Բա որ մի բան լինի Գոհարին։ Բա որ էս անգամ մեծ լինի ներսում պահելիքը։ Բա որ չդիմանա՞։ Բա որ…

Ու մնա տենց՝ չխոսված, չհասկացված, թաքուն-լուռ:

Ես հեռու էի: Ես պետք ա փրկեի ինձ, պետք ա փրկեի Գոհարին:

Ինչ-որ ձևով:

Գրելով:»

Գոհարն ու Անահիտը վերջում հերթով կարդացին գրքից հատվածներ։ Դեռ սեպտեմբեր ամսին Լոռիում մի միջոցառման ժամանակ Անահիտի ընթերցմամբ լսել էի գրքից մի փոքր հատված։ Ու ինչպես այն ժամանակ, այդպես էլ գրքի շնորհանդեսի օրը, բարդ էր հուզմունքը թաքցնելը, ներկաների մեջ կային մարդիկ, որոնք լուռ արտասվում էին։

«Մենք շուն ունենք։ Այգում ա ապրում, տուն չեն թողնում: Երբ սկսում են ռմբակոծել քաղաքը, շունը վախից սկսում ա վնգստալ։

Երբ առաջին օրը տեսա, հարցրի Ասքին՝ ռմբակոծության ժամանակ շանը ներս թողնո՞ւմ եք, ասեց՝ չէ։ Սկզբում էնքան տարօրինակ թվաց, բայց ժամանակի հետ դա էլ սովորական դարձավ։ Ամեն ինչին սովորում ես: Ամեն անգամ ռմբակոծությունից հետո դուրս եմ գալիս ու շանը վաֆլի տալիս: Գիտեմ՝ շներին քաղցր չի կարելի, բայց պատերազմը էնքան մեծ ՉԻ ԿԱՐԵԼԻ ա, որ էդ ընթացքում էլ ոչ մի բան կարևոր չի:»

Գրքից հատվածները տեղադրվել են հեղինակների թույլտվությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter