HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Սիրում ենք բոլորիդ, համբուրում ենք բոլորիդ»

Նվաստացնել քաղաքացուն, հասկացնել, որ ինքը փոքր մարդ է՝ պետական ապարատի ուշադրությանն արժանանալու համար. սա է այսօր պետական համակարգի ախատանքի սկզբունքը:
Քաղաքացին՝ հաշմանդամություն ունեցող մարդը, գիտնականը, գործարարը, ըստ էության՝ բոլորը,  մեն-մենակ են իրենց խնդիրների առաջ:

Զրուցում եմ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի, փոխտնօրենների հետ, գիտությամբ ապրող, իրենց գործին նվիրված մարդիկ են, որոնք օրվա մեծ մասը ստիպված են պետական գերատեսչություններում անցկացնել: Ընդ որում՝ զրո արդյունքով
Կենտրոնի բակով անցնող, պատմամշակութային արժեք ունեցող «Աբուհայաթ» ջրանցքը կառավարության որոշմամբ հանվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից: Գիտական ինստիտուտների  ուղիղ կենտրոնում գտնվող ջրավազանի փոխարեն կառավարությունը նպատակահարմար է համարել   ավտոկայանատեղիով,  այլ հարմարություններով վեր խոյացող բազմաբնակարան շինություն: Գիտնականները, թողած իրենց հիմնական աշխատանքը, ստիպված են քաղաքապետարանի, կառավարության  չինովնիկներին բացատրել, որ գիտական կենտրոնների մեջտեղում կառուցվելիք բազբաֆունկցիոնալ բարձրահարկը  նախ՝ ապօրինի որոշում է, երկրորդ՝ դրա պատճառով կենսունակ այս կենտրոնը չլինելու վտանգի առաջ է:

Գիտնականները նամակներ են ուղարկում բոլոր հնարավոր հասցեներով: Մասնավորապես, վարչապետին: Վերջինիս  աշխատակազմը մակագրում է Տարածքային կառավարման նախարարություն, այստեղից՝ ԿԳՄՍ նախարարությանը, այս մեկը՝ քաղաքապետարանին, սա՝ մեկ այլ օղակի: Զրուցակիցներս պատմում են, որ դեպքեր են եղել, երբ իրենց  նամակները վերջում մակագրել են հենց իրենց՝ նամակի հեղինակներին…

Զրուցում եմ փաստաբանի հետ. «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում, ըստ նրա, ծեծել են պացիենտին, ապա եռակի չափաբաժնով դեղորայք տվել, որ «հանգստանա»: Որպեսզի պատկերացնեք դա ինչ է՝ այդպես «հանգստացնում են»  Ռենդլ ՄաքՄերֆիին՝ Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործության վերջում:

Փաստաբանը խնդիրը բարձրացնում է, Առողջապահության նախարարությունն անգամ չի էլ արձագանքում:  Փաստաբանը զանգահարում է նախարարություն: Աշխատակիցը՝ լսելով խնդիրը,  պարտավորված չի համարում ներկայանալ: Փաստաբանը հանդիպում է խնդրում: Նախարարության աշխատակիցը  ասում է՝ հանդիպումը հնարավոր է մեկ շաբաթ հետո, քանի որ ինքը արձակուրդ է մեկնում: 

ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը 2022-ի հունվարի  24-ին զեկույց էր հրապարակել ՝ «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ», որտեղ ներկայացված էին բազմաթիվ խախտումներ: Որևէ մեկը հաշվետվություն չի ներկայացնում՝ ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում: Քանի որ ոչինչ չի փոխվել:

Վաղվա օրվա հանդեպ անորոշությանը, աշխարհում ու, մասնավորապես, մեր տարածաշրջանում պատերազմի տագնապները  առավել սրվում են, երբ ստիպված ես հարաբերվել պետական համակարգի հետ:

Պետական գերատեսչությունները, թվում է, գործում են. առավոտյան կառավարության շենք են շտապում աշխատակիցները, նախարարություններում, քաղաքապետարանում աշխույժ ելումուտ է: Քաղաքացիների ցանկացած հարց, որը արագորեն կարելի է լուծել, փորձ է արվում փակուղի մտցնել՝ հղում անելով նորմատիվ որևէ ակտի: 

Փոխարենն՝ օդի մեջ պտտվում է «օպտիմալացում» բառը. որոշում են  բուհերը միավորել, ապա տեղափոխել  Աշտարակ: Օպտիմալացնել կամ փակել գիտական ինստիտուտները՝ դրանք ևս մեկ այլ տեղ վերաբացելու համառությամբ:

Սվիֆթի երևակայությունը իրականություն է. կառավարության անդամներն օրնիբուն աշխատում են մարմարն այնպես փափկեցնելու ուղղությամբ, որ կարողանան դրանից բարձեր պատրաստել, իսկ վարունգից կարողանան կորզել արևային ճառագայթներ:

Յուրաքանչյուր քաղաքացու՝ անգամ փոքրիկ գործը լուծում է պահանջում: Անվտանգային գոյաբանական խնդիրը բազմապատկել է գերատեսչությունների ղեկավարների ինքնագնահատականը. նրանք վստահ են, որ միայն մեծ գործերի համար են՝ միջազգային սիմպոզիումներ, պայմանագրեր, այցելություններ, հանդիպումներ այլ երկրների կոլեգաների հետ: ՀՀ քաղաքացին՝ իր մանր-մունր խնդիրներով արժանի չէ, որ խլի իրենց ժամանակը, արժանանա իրենց ուշադրությանը:  
Խնդիրները կուտակվում են, լուծումները՝ հետաձգվում:

Թերևս մեզնից յուրաքանչյուրը պետական ապարատի հետ գործ ունենալու իր անձնական , տհաճ զգացողություններով պատմությունն ունի:

Պատերազմից հետո, երբ բոլորս, հատկապես անձնական կորուստներ ունեցած ընտանիքները, գերզգայուն են, պետական համակարգը պիտի որ առավել մարդակենտրոն դառնար:

Քաղաքացու յուրաքանչյուր խնդիր, որը պետական չինովնիկի լուծման տիրույթում է, նույնքան կարևոր է, որքան անվտանգային խնդիրը: Պետության հետ հավասար ու համագործակցային հարաբերությունը քաղաքացուն պարտավորեցնում է նույնքան պատասխանատու լինել պետության հանդեպ իր վերաբերմունքի հարցում: Եվ հակառակը:
Հայաստանում 2023 թվականի բյուջեով 21 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի համար:
Ըստ այդմ՝ վարչապետի աշխատավարձը բարձրանալու է  243 հազար դրամով, նախարարներինը՝ 142 հազարով, պատգամավորներինը՝ մոտ 120 հազարով: 

Ուսուցիչների դեպքում դրված է կամավոր ատեստավորման սկզբունքը՝ ուզում ես բարձր աշխատավարձ ստանալ, պետք է համապատասխանես այս ու այս չափանիշներին: Ի՞նչ սկզբունքով է բարձրացվում պետական բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձը:
ԱԺ-ի՝ քաղաքական խնդիրներ բարձրացնելու, գեներացնելու, քաղաքացիների  խնդիրներին օրենսդրական լուծումներ տալու գործառույթը տապալված է: Ընդդիմադիր պատգամավորները աշխատավարձ են ստացել՝ չներկայանալով աշխատանքի, քաղաքական մեծամասնությունն էլ բարեհաջող շարունակում է կոճակ սեղմելու ավանդույթը: Ի՞նչ հիմնավորմամբ են այդ մարդիկ բարձր ախատավարձ ստանում:
Նույնը՝ նաև նախարարներին ու վարչապետին է վերաբերում:

Պետության անվտանգությունը մազից է կախված՝ բոլոր հնարավոր հետևանքներով: Ուրեմն՝ թերացել են իրենց աշխատանքում՝ պետության համար կատաստրոֆիկ հետևանքներով:
Պատերազմից հետո հատկապե՜ս  բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց տիկնանց առօրյան, ենթադրաբար, պիտի համապատասխանեցվեր պետության ներքին տրամադրությանը. կորուստ, տագնապ, անորոշություն, լարվածություն, լուծումների փնտրտուք:  

Երկրագնդի տեսարժան վայրերից անձնական երջանկության և անհոգության ցուցադրությունը, սակայն, ստիպում է ենթադրել՝ իրավիճակը չի գիտակցվում:
Իսկ լուսանկարները  ոչ լավ են, ոչ վատ: Դրանք ուղղակի պատշաճ չեն:

Մեկնաբանություններ (1)

Բելլա
Գերազանց ընտրված վերնագիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter