Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին
Հունիսի 6-ից 13-ը Երևանում անց է կացվելու Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար: Նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անց է կացվում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, որը մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:
2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է հանդիսանում ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, որը հնարավոր դարձրեց նման լայնամասշտաբ ծրագրի իրականացումը ավելի բարձր մակարդակով և մրցույթի տարածումը ԱՊՀ երկրներում:
Մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է, այն ներառում է ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 20 երկրներից` Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելորուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից:
Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են ընդգրկված համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, պրոֆեսոր Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Վալերի Գերգիևը, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Միխայիլ Շվիդկոյը, Պավել Կոգանը, Էլիժբիետա և Քշիշտոֆֆ Պենդերեցկիները, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, այլ նշանավոր անձինք:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «ջութակ» մասնագիտության համար սահմանում է հետևյալ մրցանակները `
1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները պարգևատրվելու են` յուրաքանչյուրը դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով:
Այս տարի պատվավոր ժյուրիի կազմում կներառվեն `
- Էդուարդ Թադևոսյանը (Հայաստան)` ժյուրիի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և նվագախմբային ֆակուլտետի դեկան,
- Բորիս Կուշնիրը (Ավստրիա)` Գրացի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի և Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր,
- Հարոլդ Հերցլը (Ավստրիա)` Զալցբուրգի Մոցարտեում համալսարանի պրոֆեսոր և լարային ամբիոնի վարիչ,
- Իգոր Պետրուշևսկին (Մեծ Բրիտանիա)` Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր,
- Կարեն Հարությունյանը (Բելգիա)` Բրյուսելի և Լյեժի թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր,
- Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան)` Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնի վարիչ և պրոֆեսոր,
- Տանյա Դորնը (Գերմանիա)` IMG Artists Գերմանիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի դիրիժորների և գործիքավորողների բաժնի համատնօրեն:
Մրցույթի շրջանակներում Երևան են ժամանելու այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են`
- Ալեքսանդր Սոկոլով (Ռուսաստան)` Մոսկվայի Պ.Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի ռեկտոր,
- Գագիկ Գաբրիելյան (Ռուսաստան)` Մոսկվայում Արամ Խաչատրյանի անվան հիմնադրամի գործադիր տնօրեն,
- Էլժբիետա Պենդերեցկա (Լեհաստան)` Լյուդվիգ վան Բեթհովեն Ասոցիացիայի նախագահ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն,
- Ժան Դիսլեր (Բելգիա)` մեկենաս,
- Ինո Միրկովիչ (Խորվաթիա)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ, Լովրանում «Ինո Միրկովիչ» երաժշտական ակադեմիայի ռեկտոր, «Հարիսոն Փարրոթ» երաժշտական գործակալության խորհրդական,
- Մարկուս Մարշալը` I, Culture երաժշտական ծրագրի գեղարվեստական ղեկավար:
2007թ-ից մրցութի պաշտոնական նվագախումբ է հանդիսանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը: Ելույթ են ունենալու Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և 2010թ. Ա.Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակիր Յարոսլավ Նադրզիցկին (Լեհաստան):
Հունիսի 7-8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի մրցութային առաջին փուլը
Հունիսի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի մրցութային երկրորդ փուլը
Հունիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի մրցույթի երրորդ` եզրափակիչ, փուլը:
Հունիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա պարգևատրման արարողությունը, որին կհետևի Գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և 2012թ. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցակակակրի մասնակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել