HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին զորամասի տեղակայման հասցեն գումարի դիմաց տրամադրել է օտարերկրյա հետախուզությանը

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը:

Դատախազության հաղորդմամբ՝ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն:

Մասնավորապես՝ 2021 թվականին Ա.Պ.-ն, ամուսնու պահանջով, ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն, և որոշակի գումարի դիմաց՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն: Վերջինս տեղեկությունները փոխանցել է օտարերկրյա  հատուկ ծառայություններին:

2022 թվականի ապրիլի 29-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Ա.Պ.-ի վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է և կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց: Մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից նշված դատական ակտի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է: 

Դատարանը, մասնավորապես, հաշվի է առել վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, որի պայմաններում անգամ գրավի գումարը վճարված լինելու հանգամանքը չի կարող նրա կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը չեզոքացնել: 

Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter