HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատարանն անվավեր ճանաչեց Գնել Սանոսյանի հրամանը․ Արմավիրում տրանսպորտի ցանցի ճգնաժամը կարող է հաղթահարվել

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրամանը։ Դա նշանակում է՝ հնարավոր է, որ հաղթահարվի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղու շահագործման ճգնաժամը։

Վարչական դատարանում մոտ մեկ տարի է՝ քննվում էր ՏԿԵ նախարարի հրամանը, որով չեղարկվել էր Արմավիրի միասնական երթուղու մրցույթը, հաղթող չէր ճանաչվել։ Մրցույթին մասնակցած երկու ընկերություններից «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դիմել էր դատարան և պահանջում էր իրեն հաղթող ճանաչել այդ մրցույթում։

Դատավոր Արմեն Ներսիսյանը նոյեմբերի 24-ին կայացրած իր վճռով և՛ անվավեր է ճանաչել Գնել Սանոսյանի հրամանը, և՛ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին հաղթող է հռչակել։

«Որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը՝ վերջինիս 10 տարի ժամկետով Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման իրավունք տրամադրելով»,- վճռել է դատարանը։ Այս դատական ակտը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։ Եթե այն չբողոքարկվի, հնարավոր է Արմավիրի երթուղու միասնական ցանցի ներդրման ճգնաժամը հաղթահարվի։

Նշենք, որ Արմավիրի միասնական ցանցի երթուղու լիցենզիայի համար համառ պայքար է մղում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավոր, քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը, որն առավել հայտնի է «Նորագյուղի Բոգո» անունով։ Արմավիրի մարզում ապօրինի ուղևորափոխադրում իրականացնել թույլ տալու համար այս տարի ԱԱԾ-ն ձերբակալեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի, որին Հակակոռուպցիոն կոմիտեում այժմ մեղադրում են նույն գործի շրջանակում կաշառք վերցնելու մեջ։ Արմավիրում ապօրինի ուղևորափոխադրում իրականացնելու մասին տարիներ շարունակ ահազանգել և ահազանգում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը։

Լուսանկարում՝ ՏԿԵ՝ տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը և ՏԿԵ նախարար Գել Սանոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter