HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական վարույթներ՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև միջադեպի առթիվ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Վանաձոր քաղաքում ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու համար: 

Միջադեպի մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունը հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանը։ Մինչ այժմ, սակայն, չի նշվել վեճի պատճառը։ Ստորեւ՝ ոստիկանության Քննչական կոմիտեի հաղորդագրությունը միջադեպի վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ ու կայանել մոտակա բենզալցակայանում:

Այնուհետև ոստիկանության աշխատակիցներից մեկը վարչական իրավախախտումն արձանագրելու համար մոտեցել է հիշյալ ավտոմեքենայի վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին  մոտեցել  և խոչընդոտել է ոստիկանության աշխատակցի օրինական գործողություններին:

Այդ ընթացքում մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակցներից մեկին:

Նույն օրը՝ ժամը 15.20-ի սահմաններում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս, որից հետո մի շարք քաղաքացիներ կրկին դուրս են եկել և վիճաբանել վերջիններիս հետ, իսկ նրանցից մեկը մետաղյա ձողով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, որը կանխվել է այլ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքացիներից մեկը  հեղուկ է ցողել ոստիկանների ուղղությամբ:

Միջադեպի մասնակից 2 քաղաքացի տարբեր ախտորոշումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

 Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք՝ ինչպես քաղաքացիներ, այնպես էլ պարեկային ծառայության աշխատակիցներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Պահանջվել են տեսագրություններ, հետաքննության մարմնին տրվել է կոնկրետ հանձնարարություն: 

Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիները հաղորդում են ներկայացրել իրենց ծեծելու վերաբերյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ:

Նախաքննությունը  շարունակվում է։ Ձեռնարկվում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քննչական և վարութային գործողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter