
Դեկտեմբերի 15-ից մինչև 2023թ․ հունվարի 20-ը Սևանա լճում կարգելվի սիգի որսը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժին
«Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննա, որից որսվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ:
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
- Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:
- Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:
- Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
- Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա սահմանվելու է խիստ վերահսկողություն,
- մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղակայվելու են հսկիչ կետեր՝ (Սևան-Երևան՝ ՃՈ հենակետ, Սևան-Դիլիջան թունել, Սևան-Վարդենիս՝ Ճամբարակի խաչմերուկ, Մարտունի-Սելիմի լեռնանցք, Գեղամավան-Վարսեր խաչմերուկ)։ «Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։
- Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։
Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը։
«Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, այս տարի պետք է շտկենք բոլոր բացթողումները և առավել համակարգված իրականացնենք միջոցառման բոլոր կետերը։
Մեր քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։ Ինքս պատրաստվում եմ իմ անմիջական մասնակցությունն ունենալ միջոցառման բոլոր կետերի իրականացմանը՝ բացատրական աշխատանքներից մինչև վերահսկողություն»,-նշել է նախարարը»,-ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել