HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նոր Հաճնի համայնքապետարանը դատական կարգով Կառավարությունից տարեկան 42 մլն դրամ գումար է պահանջում

Նոր Հաճնի համայնքապետարանը տարեկան 42 մլն դրամի չափով գումար տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով հայցադիմում է ներկայացրել Կառավարության դեմ: Պահանջվող գումարն անհրաժեշտ է համայնքի ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման աշխատանքները կազմակերպելու համար:

«Հաճն ջուր» ՀՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ադամյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Նոր Հաճնի ջրամատակարարման համակարգերը, ինչպես Հայաստանի շատ բնակավայրերում, տխուր իրավիճակում են:

«60%-ից ավելի ջրի կորուստ ունենք: Չենք ամաչում հայտարարելու, որովհետև ապօրինի ջրագծեր չունենք, պարզ ճակատով կարող ենք դա ասել: Ինչ կա՝ դա մաշվածության, բնական կորուստն է: Համակարգերը մաշված են, կորուստը թույլ չի տալիս աշխատել»,- ասում է Կարեն Ադամյանը:

Նոր Հաճնում ջրամատակարարումն ու սպասարկումն իրականացվում են համայնքապետարանի կողմից: 1 խմ խմելու ջրի սակագինը որոշել է համայնքի ավագանին՝ 150 դրամ: Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022թ. համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման սակագինը սահմանել է 170,4, իսկ ջրահեռացումը՝ 30,07 դրամ:

«Հետք»-ը դեռ տարիներ առաջ էր գրել, որ «Վեոլիա Ջուր» ընկերության և «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի դատական վեճի մասին:

Նշենք, որ 2017թ․-ին դիմելով դատարան` «Վեոլիա Ջուր» ընկերությունը պահանջել է «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ից հօգուտ ընկերության բռնագանձել մոտ 114 մլն 598 հազար դրամ` որպես պարտքի գումար, ինչպես նաև պարտավորեցնել ՀՈԱԿ-ին ընկերության հետ կնքելու մեծածախ բաժանորդների վերաբերյալ պայմանագիրը:

ՀՈԱԿ-ի դիրքորոշումն այն է, որ 2010թ. փետրվարի 1-ին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրով «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ին մատակարարվող 1 խմ ջրի համար սահմանված էր 11 ՀՀ դրամ սակագինը: 2010-2016թթ. ընթացքում սակագինը բարձրացվել և դարձել էր 18 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2017թ. հունվարի 1-ից ջրամատակարարման և ջրահեռացման մեծածախ սակագները սահմանվել են համապատասխանաբար 36 և 18 դրամ: Այժմ մեծածախ սակագներն ավելի են թանկացել՝ ջրամատակարարման համար մոտ 40, ջրահեռացման համար՝ մոտ 20 դրամ:

ՀՈԱԿ-ից պնդում են, որ «Վեոլիա»-ի գլխամասային ջրաչափական սարքը սնուցվում է կենտրոնական խողովակաշարից, որը հեռու է Նոր Հաճն համայնքից մոտ 3 կմ, այդ միջանկյալ տարածքում ջրի կորուստը կազմում է 65-70 տոկոս: Ջրային կորուստները ներառվում են սակագնի մեջ, ինչը մեծ գումար է կազմում համայնքի համար։

«Ջրամատակարարման և ջրահեռացման ներկայում գործող սակագներով անհնարին է դառնում «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի հետագա գործունեությունը»,- ասում է Կարեն Ադամյանը՝ հավելելով, որ դատական կարգով Կառավարությունից գումարի պահանջը պայմանավորված է բնակիչներին ջրամատակարարում ապահովելու նպատակով՝ որպես սուբսիդիա:

Այս տարվա օգոստոսի 12-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019թ. որոշումը գումարի բռնագանձման պահանջի մասով և այն փոփոխել: Դատարանը որոշել է «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ից հօգուտ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձել մոտ 67 մլն 325 հազար դրամ՝ որպես պարտքի գումար։ Մնացած մասով ընկերության գումարային և մեծածախ բաժանորդների վերաբերյալ պայմանագիր կնքելու պահանջները մերժվել են:

«Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի տնօրենն ասում է, որ ամսվա կտրվածով ջրամատակարարման համակարգերի վրա իրականացվում է 500-700 հազար դրամի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Կապիտալ ծախսեր չի իրականացվում:

«Բոլոր մարզպետներին՝ ներկա և նախկին, դիմել ենք: Ջրային կոմիտեում հանդիպել եմ «Վեոլիա»-ի նախկին ղեկավարության հետ: Ներկայացրել եմ իրավիճակը, որ մենք չենք կարողանում աշխատել: Ստեղծված իրավիճակը մեր մեղքով չէ: Չկա մի բան, որ օրենքով նախատեսված է, կարող էինք անել ու չենք արել»,- նշում է Կարեն Ադամյանը:

ՀՈԱԿ-ի տնօրենը նշում է, որ Ջրային կոմիտեին դիմել են համակարգը հանձնելու խնդրանքով: Ջրային կոմիտեն դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Վերջինս էլ պատասխանել է, որ մինչև ՀՈԱԿ-ը պարտքերը չմարի, որևէ գործողություն չեն կարող իրականացնել:

Մեկնաբանություններ (1)

Կարեն Ադամյան
Շնորհակալություն «հետք» - ին։ Ի տարբերություն Հ1-ի, ձեր ներկայացրած տեղեկատվությունն անկողմնակալ և ճշմարտացի էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter