«Հայացք». քաղաքական մենաշնորհի պերճանքը
Ահա արդեն քանի ամիս շարունակ հայ քաղաքական, տնտեսական միտքն իր վրա սևեռած, ընդհանրապես հայ մարդուն հզոր անհանգստությունների մեջ գցած, մեր քաղաքացիական հասարակության նյարդերը պրկած գործընթացը հասավ իր տրամաբանական ավարտին: Երեկ արդեն սկսվեցին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման նստաշրջանի աշխատանքները:
Թե ինչ նստեց այս ընտրությունը մեր հասարակության վրա' ամեն մեկն ունի իր տեսակետը: Բայց մի հարցում բոլորն էլ համակարծիք կլինեն. այս ընտրություններն առավել խորացրին հասարակական ապատիան, մարդիկ դարձան առավել հոռետես. ոչ մի բան չի կարող փոխվել այս երկրում, դեպի լավը ոչինչ չի գնա:
Բայց քաղաքական դաշտի մակարդակով, համենայն դեպս, ինչ-որ տեղաշարժ եղավ: Ընտրություններից հետո իրադարձությունները չընթացան նաև կանխավ գծված սցենարով: Սա հույս ներշնչեց, որ մեր երկրում կարող են ընթանալ քաղաքական դաշտի առողջացման գործընթացներ:
Փաստորեն, արմատական ընդդիմությունը, որ հինգ տարի շարունակ պայքարում էր հրապարակներում ու փողոցներում, մտավ խորհրդարան: Չնայած ստացած մանդատների թիվը չի արտահայտում ժողովրդի նախապատվության իրական մակարդակը Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ:
Ապա տեղի ունեցավ քաղաքական կարևորագույն ինտրիգը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց մտնել կոալիցիայի մեջ: Նշանակում է' քաղաքական այս ուժն ընտրել է այլ ճանապարհ, կամ այսպես ասենք' տվել է խորհրդարանական նոր որակի աշխատանքի մեկնարկը: Իրենց բառով ասած' այլընտրանք են իշխանությանը: Այլընտրանք բառի տակ, ով ինչ ուզում է' կարող է հասկանալ. հենց այդպես էլ առաջարկեց կուսակցության գաղափարակիրներից Վարդան Օսկանյանը:
Նշանակում է, որ մենք այլևս կարող ենք ունենալ այլ խորհրդարան. դրա համար ստեղծված են բավարար նախադրյալներ: Ապրենք' տեսնենք:
Մեկից' մեկին
Բայց կարծես գետն իր նախկին հունով էր հոսում խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ձեռք բերած Հանրապետական կուսակցության համար:
Բոլոր խոսքերն ու բարեմաղթանքները, որ հնչեցին առաջին նստաշրջանի առաջին նիստում, այն տպավորությունն էին ստեղծում, որ, ասես, ոչինչ էլ չի փոխվել, ոչ մի բան էլ տեղի չի ունեցել մեր քաղաքական ու հասարակական կյանքում. գետը հոսում է ինչպես միշտ ու նույն կերպ կշարունակի հոսել դեռ երկար ժամանակ:
Անկե՞ղծ էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրենց արտահայտությունների մեջ, թե՞ դեմքներին դրել էին մարտավարական դիմակներ' չգիտեմ:
Բայց ասեմ, որ «ատրիբուտիկան» էլ էր հիշեցնում հինը. Ազգային ժողովի նախագահ ընտրվեց կրկին նույն մարդը' նախկին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Եվ ընտրվեց առանց պայքարի ու մրցակցության. միայն ինքն էր առաջադրված ու քվեարկվող թեկնածուն: Ինչպես ասում են' մեկից ընտրեցին մեկին:
Նիհիլիզմ
Այնուամենայնիվ, ինչո՞ւ հարցեր չհնչեցին' ուղղված ԱԺ նախագահի թեկնածուին: Ինչո՞ւ մտքերի փոխանակությանը պատգամավորները չմասնակցեցին: Բնականաբար, հարցն առավելապես ուղղված է կուսակցական այլ պատկանելության պատգամավորներին: Ընդամենը մի չեզոք հարց հնչեց Գուրգեն Արսենյանի կողմից, որը վերաբերում էր պատգամավորների' մեկը մյուսի փոխարեն քվեարկություններին: Իսկ մտքերի փոխանակությանը «մասնակցեցին» հանրապետականներ Գալուստ Սահակյանը, Էդվարդ Շարմազանովը և Հանրապետականի ցուցակով պատգամավոր ընտրված Խոսրով Հարությունյանը, որ հարևանացի մի երկու խոսք ասացին: Մեկ էլ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու ընտրություններին:
Հոգնած այս խորհրդարանը հոգնած էլ սկսեց իր գործը ու հոգնած էլ ավարտեց առաջին նստաշրջանի առաջին նիստը: Դե, ամեն ինչ կանխորոշված է. ինչո՞ւ ջանք թափես, երբ դրա կարիքը չկա: Կամ էլ' ա՛յս ընկալմամբ. իրավիճակն այս է, այս պարագայում այլևս ոչինչ չենք կարող անել: Կարողացանք անել ընդամենը այն, ինչ արեցինք մինչև այժմ:
Այս վերջին' նիհիլիստական համատեքստում էլ պետք է դիտարկել Հայ ազգային կոնգրեսի ու «ժառանգության» պատգամավորների բացակայությունն անդրանիկ նիստից, երբ ընտրվելու էին խորհրդարանի նախագահն ու նախագահի տեղակալները:
Սա է քաղաքական մենաշնորհի պերճանքը, որ վայելելու ենք այսուհետ ամեն Աստծու օր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել