HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրունզին սաղ հարգեին գը

Քաղաք Գյումրի, Սայաթ-Նովա փողոց, Վարդան Աճեմյանի պետական դրամատիկական թատրոն. այս հասցեն Գառնիկ Ադամյանի կացարանն է։ Նա թատրոնի երկարամյա պահակն է։ Շենքում լույսի բացակայությունն ու ելքը շփոթելը պահակի հետ ծանոթության առիթ դարձան։

Գիտեմ, որ խանգարում եմ Ձեր թեյախմությանը, բայց կասե՞ք՝ ելքը ինչպես գտնեմ։

Աղջիկ ջան, ուրտե՞ղ ես տեսել, որ լեննականցին երկաթի կրուշկով չայ խմե։ Առաջ արի, մե տեսնիմ։ Ես ըսի՝ թոռս է եկել, 2 ժամից պիտի պրծնի պարապմունքը, գա։

Բա ի՞նչ եք խմում, ինչու՞ լույսը չեք վառում։

Հոտից չե՞ս զգա, որ մեռոն է, ըսպես բան խմած չես էղնի, գրամըմ լցեմ խմե։ Չայը գլուխը պատին է տվե, թե սենց կտաքցնե ջանդ։ Լույսն էլ մկների խաթր չեմ միացնե։ Անտերները պերերիվս ավելի շատ կուտեն, քան ես, էլ չեն ըսե՝ մե օրըմ էլ իրանցով պիտի պերերիվ սարքեմ։ Մթի մեջ շուտ կուգան, թալաքի մեջ կբռնվին, վրեն էլ կլե (սոսինձ-հեղ.) եմ քսել, որ չկարենան փախնեն։ Ըսիգ կայֆխակ է (լայֆհաք), Ֆրունզիկն է սովորցրե Մկրտչյան ջահել վախտս։

Մհեր Մկրտչյանի մասի՞ն է խոսքը, նրան անձա՞մբ եք ճանաչել։

Երանի էդ օրերը։ Հեչ չէիր ըսե, որ արտիստ է, իրան էնպես հասարակ կպահեր, մարդու քեֆը կուգար, բա չէ` հմի. ինչքան թիթիզլամիշ էղնող կա, իրան կդնե Ջեքսոնի տեղը, հետները խոսալ չի էղնի։ Ֆրունզիկը ուտող-խմող մարդ էր, ինքը դասավորեց, որ մտա ստեղ ցործի։ Մի օր քեռիս քեֆը լավ գնացել էր թատրոն, Ֆրունզիկին համոզել, բերել էր տուն։ Էս քեռակինս էլ սեղան էր դրել, արաղը քչություն կէներ, քեռին վայրկյանը մեկ կըսեր՝ արաղ բեր։ Վերջը քեռակինս նեղվավ, ըսավ՝ ամոթ է, էս մարդը կմտածե՝ խմող ենք, Ֆրունզիկը ֆռաց, ըսավ՝ դու սուս, սևո, քեզ ինչ կըսեն, ըդիգ էրա։ Լավ խմինք էդ օրը։

Ներկայացման ժամանակ խմիչք օգտագործու՞մ էր, հանդիսատեսը չէր նկատու՞մ։

Հը բը առանց դրա՞։ Իմիջիայլոց, խմած ավելի լավ կխաղար, քան թե այեղ (սթափ) վախտը։ Հենց ռեժիսորը տեսնիր գը՝ Ֆրունզը տրամադրություն չունի, կըսեր գինի կբերեին իրա համար։ Հանդիսատեսը ինչ հասկանա որ, իրանք էլ էլի խմած կուգային  նայելու։ Կատակը մե կողմ, էնպես չէր, որ հարբեր, իրան կորցներ գը։ «01-99» կինոյի մեջ իսկականից գինի կխմեր, բայց սաղ մտածեն գը, որ դերն է ըդպես։

Տարբերվու՞մ էր գինովցած Ֆրունզիկը սթափ Ֆրունզիկից։

Երբ որ հարբած էր, Ֆրունզիկ էր, երբ սթափ էր՝ Մհեր։ Խնդալու է, բայց այեղ վախտը կռիվների մեջ կընկներ միշտ։ Մե անգամ նկարահանման կէղնին, մեկը կմոտենա, կըսե՝ պարոն Մկրտչյան, էնքան կսիրեմ Ձեզի, Դուք մեր ազգի ամենալավ դերասանն եք։ Ֆրունզը կջղայնանա, թե բա՝ ձեռ կառնիս ընձի, հոգնակիով հետս կխոսաս, քիթս քեզի համար հոգի է, հա՞։ Այսինքն՝ մտածել էր քթի համար ձեռ կառնի, դրա համար Դուք-ով կխոսա։ Բայց հետո հանդարտվել էր, լավ է, տրամադրություն չունիր, խեղճի վրա էր հերսը (զայրույթը) թափել։

Ֆիլմերից մեկում տեսարան կա, որտեղ նա երգում է։ Ընկերական շրջապատում երգու՞մ էր։

Նայած՝ տրամադրության։ 80-ականներին Ձախ Հարութի հետ գրազ եկավ, թե մարդիկ իրա երգածը ավելի կհավանեն։ Դե սաղ գիտեին, որ Ֆրունզը հենց էնպես գրազ եկող չէ, բանըմ մտածել է։ Մարդկանց հավաքել էր, ըսել էր՝ մեկըմ կա, կուզե ընձի փոխարինե, հիմի քվեարկեք՝ ե՞ս, թե ինքը, բնականաբար սաղ իրան էին ընտրել։ Հարութն էլ մտածել էր՝ իրան չեն ճանաչե, դրա համար է կրվե։ Տարել, պատիվ էր տվել տեղը տեղին, նոր ճիշտը ասել էր Ֆրունզը, հետո ժողովրդին էլ ըսեց, էդ օրը լավ երգցրել էին Ձախ Հարութին։ Իրիկունները թատրոնում հավաքվեինք գը շուտ-շուտ։

Ձեր երեկոյան հավաքույթներին շատե՞րն էին մասնակցում, ինչո՞ւ էիք հենց թատրոնում հավաքվում։

Որ կնանիք զանգեին գը, կսեին՝ թատրոնում ենք, էլ հարցեր չէին տա, մտածեին գը ներկայացման փորձեր կէնեն։ Մենակ գործի տեղ չէ, էն ժամանակվանից էլ մեզի համար բնակվելու վայր է համ էլ եղել։ Շատ չէինք էդքան, մեկ-մեկ վրացի, ռուսներ էլ կմասնակցեին։ Էնքան հետաքրքիր է՝ սաղ հարգեին գը Ֆրունզին։ Չէի ուզե ըսեի, բայց եղել է, որ թուրքի հետ էլ ենք նստել, հետո ինքը գնացել սաղին պատմել է, որ Ֆրունզին է տեսել, շփվել։ Անգամ թշնամի երկրում ճանաչեին գը իրան, հարգեին գը։ Արժանի էր։

Դուք երբևէ չե՞ք ցանկացել նրա հետ ներկայացման մեջ հանդես գալ։

Կար հնարավորություն, ռիսկ չէրի, բայց հետո փոշմանա։ Ինձ ըսեր գը՝ կարդա, քիչ-քիչ մեջդ արվեստի հանդեպ սեր կմտնի, էն էլ չէի կարդա, անկեղծ ըսած՝ կամաչեի իրանից։ Բայց հիմա թոռս կսովորե ստեղ, լավ է, առաջընթաց կա։ Իմիջիայլոց, գալու ժամն է, պիտի ճանապարհեմ տուն։ Երկար պատմեցի Ֆրունզի մասին, բայց սաղ ճիշտ եմ ըսել, ինչքան էլ պատմեմ, մեկ է՝ հետո բանըմ կհիշեմ, կուզեմ ավելացնեմ։

Ուզու՞մ եք հավաքել ձեր հիշողությունները մի տեղ, հետո կպատմեք, ինչ բաց եք թողել։

Հա, աղջիկ ջան, լավ կէղնի, լավ է՝ չես նկարե, վարսավիրիս հանդիպեմ, կարաս նկարես էլ։ Էս լրագրողները հենց մեր բարբառը լսեն գը, կհարցնեն՝ գյումրեցի՞ ես։ Լավ, որ էդ հարցը չտվիր, սաղ կսիրեն էդ շաբլոն հարցը։ Բայց առանց դրա էլ չի էղնի, տուր, որ հանգիստ խղճով էրթամ քնիմ։

Գյումրեցի՞ եք։

Հբը իսանը ուրտի՞ց կէղնի (ծիծաղում է)։ Հիմա հանգիստ կըրնամ քեզի ճամփեմ, բայց մեկ էլ անգամ պիտի մեռոնիցս փորձես, ձև չունիս։

(Երգում է) Մեր Լեննական, սիրո՜ւն քաղաք…

Լենա Վարդանյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Լուսանկարը՝ Գառնիկ Ադամյանի արխիվից (ձախից՝ մեջքով՝ Ֆրունզիկ Մկրտչյան, Գառնիկ Ադամյան, դիմացից՝ նրանց ընկերը՝ Սերոբ Առաքելյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter