HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Տավուշում բերքը հողին է հավասարեցվել

Իսկ գյուղնախարարությունը մատը մատին չի տալիս

Տավուշում օրերս տեղացած ուժեղ կարկուտի և անձրևների հետևանքով մարզի գյուղատնտեսությունը մեծ վնաս է կրել, իսկ կառավարությունը ոչ մի հույս չի տալիս գյուղացիներին: Նույն սցենարը կրկնվում է գրեթե ամեն տարի, երբ բնական աղետների հասցրած վնասի պատճառով անօգնական մնացած գյուղացուն պետությունը ոչ մի փոխհատուցում չի տրամադրում:

Գյուղատնտեսության նախարարությունից «Հայացք»-ին տեղեկացրին, որ տուժած գյուղացիներին այս անգամ էլ փոխհատուցում չի տրվելու և որ հարցով զբաղվում է մարզպետարանը: Իսկ մարզպետարանի մասնագետներից բաղկացած հանձնաժողովները երեկվա դրությամբ դեռ շրջում էին գյուղ առ գյուղ և գնահատում վնասի չափը: Տավուշի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անգամ նախնական թվեր չի կարող հնչեցնել, թե մարզի գյուղատնտեսությանը հասցված վնասը քանի տոկոս է կազմում:

Փոխարենն արդեն թվերով են խոսում տուժած գյուղերի գյուղապետները: «Բավականին մեծ վնաս են կրել կարտոֆիլի և ցորենի ցանքատարածությունները, մոտ 30-40% կկազմի վնասը»,- «Հայացք»-ին տեղեկացրեց Նորաշենի գյուղապետ Արթուր Սիմոնյանը:

Կարկուտի և տեղատարափ անձրևի հետևանքով մեծ վնասներ են կրել մարզի Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Տավուշ և Վերին Կարմիրաղբյուր գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:

Սահմանապահ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով' վերջին օրերին տեղատարափ անձրևների պատճառով ոչ միայն գյուղատնտեսությունն է մեծ վնաս կրել, այլև գյուղամիջյան ճանապարհն է քանդվել: «15-20 տան նկուղ ջուր է լցվել: Բերքն էլ է ահագին տուժել, չնայած հարկերից ազատված ենք, բայց վնասը մեծ է»,- նշեց գյուղապետը:

Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ վնասի գնահատման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Ըստ գյուղապետի' Տավուշ գյուղում մոտ 20 հա խաղողի այգի է տուժել, որից 7 հա-ն' 100%-ով: Տուժել է կարտոֆիլի բերքի 80%-ը, ցորենի արտերի 10-15%-ը: Գյուղացիները թունանյութերի պարտքեր ունեն Կոնյակի գործարանին և այս պայմաններում չեն կարողանալու վճարել դրանք:

Արթուր Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել գործարանի ղեկավարությանը' խնդրելով չեղյալ համարել գյուղացիների պարտքը: «Անցած տարի գործարանի ղեկավարությունը 6 մլն դրամ բուժանյութի պարտք ներեց: Այս տարի էլ միակ հույսը Կոնյակի գործարանն է, որ գոնե պայմանագրով գյուղացիներին հատկացված բուժանյութի պարտքը ների: Մենք, այսպես թե այնպես, այս տարի խաղող չենք ունենալու, գոնե պարտք էլ չունենանք»,- ասաց գյուղապետը' տեղեկացնելով, որ յուրաքանչյուր ընտանիք գործարանին պարտք է 150 հազար դրամ բուժանյութի գումար:

Նշենք, որ տուժած բոլոր գյուղերը սահմանամերձ ու սահմանապահ գյուղեր են: Մարզի նշված համայնքների հողատարածքները պաշտպանելու համար ոչ հակակարկտային կայաններ են կառուցվել, ոչ էլ կառավարությունը գյուղացուն աջակցելու քայլ է կատարում: Իսկ թե այս պայմաններում ինչպե՞ս պետք է գոյատևի սահմանամերձ գյուղի բնակիչն ամբողջ տարվա ընթացքում' անլուծելի հարց է մնում:

Մեկնաբանություններ (2)

Sevak
Բա .... վերևն աստված կա ԱՅ ԳԵՂԱՑԻՆԵՐ ՀՈԳԻՆԵՐԴ ՈՒ ԱՊԱԳԱՆ ԾԱԽԵՑԻՔ 10000 ԴՐԱՄՈՎ .... ՀԻՄԱ ԷԼ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵՆ ԴՆՈՒՄ ... էդ ամենը ձեզ դեռ քիչ է
Գայանե
Sevak հիմարի մեկն ես: Հայաստանի կառավարության նպատակը գյուղերը ոչնչացնելն է: 20 տարի հետո գյուղացի չենք ունենա Հայաստանում: Կլինեն բատրակներ եվ կալվածատերեր: Քաղաքացիներե այդ ընթացքում կհասցնեն Green card ստանալ Ամերիկայում ու սոցիալական նպաստ կստանան, բատրակները կփախնեն Ռուսաստանի սիբիրները, Հայաստանն էլ թշնամիներից կպաշտպանենք ես ու դու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter