HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Կրթության տեսչական մարմնի 2023թ. գործունեության ծրագիրը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Վահրամ Դումանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերի նախագծերի քննարկման նպատակով:

Քննարկմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներ և տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ:

Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը հակիրճ ներկայացրել է 2023 թվականին նախատեսվող աշխատանքները` նշելով, որ 2023 թվականին Կրթության տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում իրականացնելու է 140 ստուգում, որից 11-ը՝ նախադպրոցական, 120-ը՝ հանրակրթական, 2-ը՝ նախնական մասնագիտական և 7-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ 

Վահրամ Դումանյանը, կարևորելով տեսչական մարմնի աշխատանքը, ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում մասնագիտական դիտարկումները և որակի գնահատումը առաջնային խնդիր են: Նախարարի խոսքով` բոլոր ստուգումները վերջնարդյունքում պետք է նպաստեն հանրակրթության որակի բարելավմանը:

Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ ներկայում առավել ռիսկային կարող է համարվել մասնագիտական կրթության ոլորտը. «ՀՀ տնտեսության զարգացման համար միջին մասնագիտական հաստատությունները շատ կարևոր օղակ են: Անկասկած, կրթական բոլոր հաստատություններն էլ մշտապես պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեն, հարկ է ուսումնասիրել և վերծանել խնդիրները՝ մշակելով համապատասխան լուծումներ»:

ԿԳՄՍ նախարարը Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներին առաջարկել  է ընդլայնել խորհրդի կազմը՝ ներառելով նաև համապատասխան ոլորտների համար պատասխանատու փոխնախարարներին, ինչն արդյունավետ կլինի առկա խնդիրներն առավել խորքային քննարկելու տեսանկյունից:

Կրթության տեսչական մարմինն իր առջև նպատակ է դրել աջակցել օրենսդրության պահանջների պահպանման ապահովմանը, կրթության որակի բարձրացմանը և կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Նշենք, որ Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության և ստուգումների ծրագրերը, ինչպես նաև Կրթության տեսչական մարմնի որակի ստորաբաժանման 2023 թվականի գործունեության ծրագիրը կներկայացվեն խորհրդի հաստատմանը և սահմանված կարգով կհրապարակվեն:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter