HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առաջարկվում է շինթույլտվության ժամկետը երկարացնելիս ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք գանձել

Կառավարությունն առաջարկում է շինթույլտվության առաջին ժամկետի ավարտի դեպքում անավարտ շինարարության համար գույքահարկը վճարել այնպես, ինչպես ավարտված շենքի պարագայում։

Միաժամանակ, առաջարկվում է բարձրացնել շինթույլտվության տրա­մադր­ման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը:

Ըստ նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ ներկայում Երևանի ցանկացած գոտում, օրինակ՝ 5000 քմ շինարարության համար տեղական տուրքի չափը կարող է կազմել 500 000 դրամ։

«Սահմանված ժամկետում շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երկրորդ կամ երրորդ անգամ շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար դիմելիս կվճարվի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ փոփոխությունները չեն կիրառվի սահմանամերձ համայնքներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ճշտեց՝ ոչ թե համայնքներին պետք է վերաբերի, այլ՝ բնակավայրերին։

Կատարվող փոփոխություններով անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ կհամարվեն նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները։

Անշարժ գույքի հարկ կվճարեն նաև պետական և համայնքային սեփականության հողա­­մասերի և շինությունների անհատույց օգտագործողները, ինչպես նաև՝ կառուցապատման կամ վարձակալության իրա­վուն­­քով տրամադրված՝ պետական և համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտա­­գոր­ծողները՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինու­­­թյուն­ների կամ կառույցների մասով։

Շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում, ավարտ­­­վա­­ծության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործա­կից­­­­ներն այլևս չեն կիրառվի։

Կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում ընդունեց նախագծով առաջարկվող փոփոխությունները։ Գործադիրի օրենսդրական նախա­ձեռ­նությունը անհետաձգելի կարգով կներկայացվի Ազգային Ժողով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter