
Լավրովի պնդմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիները։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները «ավելի շատ խոսում են Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, քան կարգավիճակի»։
«Բաքուն պատրաստ է քննարկել դա և տրամադրել Ղարաբաղի հայերին իրավունքների հետ կապված երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ասել է դիվանագետը։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների տապալման մասին՝ Լավրովը նշել է, որ «դրա համար պատասխանատու են ֆրանսիացիներն ու ամերիկացիները»։
«Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և՛ Եվրամիությունը ընդհանուր առմամբ փորձում են կոմպենսացնել իրենց իսկ կողմից թաղված Մինսկի խումբը՝ մխրճվելով իրենց միջնորդական ծառայություններով։ Ընդ որում, փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել ռուսական մասնակցությամբ»,- ասել է Լավրովը։
Վերջինս զարմացել է, թե «ինչպես կարելի է Բրյուսելում քննարկել երկու երկրների սահմանազատման հարցը, եթե քարտեզները պահվում են միայն ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում։
«Դե և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները բարեկիրթ մարդիկ են, նրանք այնտեղ գնում են։ Բայց ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը՝ ձեռքի տակ չունենալով միութենական նախկին հանրապետությունների քարտեզները, որոնք գոյություն ունեն միայն ռուսական գլխավոր շտաբում»,- հավելել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցում, ինչպես նաև կօգնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել