HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահագն Ալեքսանյանը հակասություն էր փնտրում անկախության հռչակագրի ու ԱԺ հայտարարության նախագծի տեքստում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» թեմայով հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հարց ուղղեց հիմնական զեկուցող պատգամավոր Անդրանիկ Թևանյանին: Պատգամավորին հետաքրքրում էր՝ ներկայացված նախագիծը քննարկվե՞լ է Արցախի խորհրդարանի կամ ղեկավար կազմի հետ:

Անդրանիկ Թևանյանն ասաց, որ բուն նախագիծը չի քննարկվել Արցախի խորհրդարանի հետ, սակայն հիմք են ընդունել Արցախի խորհրդարանի ընդունած բազմաթիվ հայտարարություններ, Հայաստանի օրենսդրությունը և այլն: Ինչպես նաև հիմք են ընդունել Արցախի ժողովրդի հավաքական տեսակետները, որն ըստ պատգամավորի, երևաց հոկտեմբերի 30-ին՝ Ստեփանակերտում բազմահազարանոց հավաքով:

Անդրանիկ Թևանյանն ասաց, որ հիմք են ընդունել նաև Ղարաբաղյան շարժման արժեքները, բոլոր այն մոտեցումները, որոնք վերաբերում են մեր անվտանգային համակարգերին:

«Բնականաբար մենք ակտիվ կապի մեջ ենք Ղարաբաղի խորհրդարանի ներկայացուցիչների հետ, նրանց տեսակետները մեզ հայտնի են, դրանք հնչեցվել են և մեր միջոցառումներին և իրենց միջոցառումների ժամանակ»,-ասաց Անդրանիկ Թևանյանը, հավելելով, որ տեղյակ է՝ Արցախում կողմ են այս նախագծին:

Վահագն Ալեքսանյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանի անկախության հռչակագրից բխում է Արցախի անկախացումը, նշելով, թե այնտեղ խոսվում է Հայաստանի և Ղարաբաղի միավորման մասին:

«Իրականում սա տեսական հարց է, բայց նաև սկզբունքային հարց է: Ես ուզում եմ հասկանալ՝ դուք  առաջնորդվում եք Հայաստանի անկախության հռչակագրո՞վ, որտեղ կա Հայաստանի և Արցախի վերամիավորման գաղափար, թե՞ խոսում եք այն տեքստով, որ Արցախը Հանրապետություն է Հայաստանից անկախ»,- հարցրեց Վ. Ալեքսանյանը:

Իշխանական պատգամավորի հարցին պատասխանելով՝ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ միջազգային հարաբերություններում և պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ միավորման գործընթացը միջնորդավորված ձևով տեղի է ունենում անկախության գործընթացներից հետո: Հայաստանի  անկախության հռչակագիրը ֆիքսել է վերամիավորման գաղափարը, դա ռազմավարական նպատակ է, որին հասնելու ճանապարհը, մարտավարական առումով ընտրվել է Արցախի Հանրապետության ճանաչումը:

Թևանյանը նշեց, որ այստեղ հակասություն չկա:

 

Լուսանկարում՝ Վահագն Ալեքսանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter