HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն ու Մեծ յոթնյակը գների վերին շեմ են սահմանել ռուսական նավթի համար

Մեծ յոթնյակի (G7) երկրները և նրա դաշնակիցները պաշտոնապես հաստատել են ռուսական նավթի գների վերին շեմը։ Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ ԵՄ-ն վերջապես կարողացել է պայմանավորվել, որ առավելագույն գինը կլինի 60 ԱՄՆ դոլարի մակարդակը։

G7-ի և Ավստրալիայի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ սահմանափակումը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ին կամ «էլ դրանից անմիջապես հետո»։ Դրանից առաջ Եվրամիությունը կարողացել էր համոզել Լեհաստանին աջակցել այդ նախաձեռնությանը։ Վարշավան պահանջում էր սահմանել առավել ցածր գնային շեմ։

BBC-ն, հղում անելով տարածված հայտարարությանը, գրում է, որ որոշումն ընդունվել է, որպեսզի «թույլ չտրվի Ռուսաստանին ստանալ շահույթ Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմից», սակայն միևնույն ժամանակ «աջակցվի կայուն համաշխարհային էներգետիկ շուկաներն» ու «նվազեցվեն ռուսական ներխուժման բացասական տնտեսական հետևանքները»։

«Լեհաստանը համաձայնվել է ԵՄ փոխզիջմանը՝ ռուսական նավթի 1 բարելի դիմաց 60 դոլար վերին սահմանմանը, ինչը ԵՄ-ին հնարավորություն կտա պաշտոնապես հաստատել այդ որոշումը հանգստյան օրերի ընթացքում»,- հայտարարել է ԵՄ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Անջեյ Սադոսը։ Որոշումը ենթադրում էր ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը։

Ուրբաթ օրը ռուսական Urals տեսակի նավթի 1 բարելը վաճառվում էր 64 դոլարով։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը հայտարարել էր, որ ցածր և միջին եկամուտներով երկրները, որոնք մեծապես տուժել են էներգակիրների բարձր գներից, մեծապես կշահեն սահմանափակումից։ Բացի այդ, նրա խոսքով, նավթի գների վերին շեմը կսահմանափակի Ռուսաստանի ֆինանսական հնարավորությունները, որոնք նախագահ Վլադիմիր Պուտինն օգտագործում է «իր դաժան ներխուժման ֆինանսավորման համար»։

Ի սկզբանե նման նախաձեռնությամբ հանդես էին եկել Մեծ յոթնյակի երկրները։ Նրանք որոշել էին ԵՄ ցանկացած որոշման պարագայում դեկտեմբերի 5-ից սահմանել ռուսական նավթի գների վերին շեմ՝ պահպանելով ԵՄ երկրների հեղուկանավերի ազատ տեղաշարժը դեպի երրորդ երկրներ։ Ռուսական իշխանությունները հայտարարել էին, որ նավթ չեն վաճառի այն երկրներին, որոնք կաջակցեն սահմանափակմանը։

Financial Times-ը գրում է, որ Հնդկաստանն ու Չինաստանը դեռևս չեն հայտարարել, որ կմիանան այս նախաձեռնությանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Մոսկվային չի հետաքրքրում, թե ինչպիսին կլինեն ռուսական նավթի սահմանափակումները, քանի որ Ռուսաստանն ուղիղ կպայմանավորվի գործընկերների հետ։

Ռուսական նավթի գնի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեին դեռ նախորդ շաբաթ, սակայն արդյունքում ձախողվեցին։ Լեհաստանը և Բալթյան երկրները պահանջում էին իջեցնել վերին շեմը, այն դեպքում, երբ Հունաստանը և Մալթան, հակառակը, պնդում, որ անհրաժեշտ է այն բարձրացնել 70 դոլարի։

Իլյուստրացիան՝ F T montage/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter