
Առաջիկա շաբաթներին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում. Նեդ Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ հովանու ներքո կազմակերպվող, հայ-ադրբեջանական բանակցություններին, հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին նախատեսվում է անցկացնել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։
«Երբ նրանք վերջին անգամ հանդիպել էին, արտաքին գործերի նախարարները համաձայնեցին արագացնել բանակցությունները և կազմակերպել մեկ այլ հանդիպում առաջիկա շաբաթների ընթացքում։ Նրանք երկուսն էլ իրենց գոհունակությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հույս ունի, որ երկու երկրների միջև երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կշարունակվի։
Փրայսը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ղարաբաղյան հիմնահարցը՝ նշելով, որ դա թողնում է Սպիտակ տան մեկնաբանությանը։ «Ես դա կթողնեմ Սպիտակ տան մեկնաբանությանը՝ խոսելու Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հնարավոր ցանկացած քննարկման մասին։ Բայց ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է օգնելու կողմերին հասնել խաղաղ ապագայի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- եզրափակել է Փրայսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները վերջին անգամ հանդիպել էին նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում։ Ավելի ուշ, կողմերը եռակողմ հանդիպում էին ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ միասին։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել