HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը կվերանայի հիջաբի պարտադիր կրման օրենքը

Իրանի իշխանությունները սկսել են աշխատել այն օրենքի փոփոխության ուղղությամբ, որը կանանց պարտադրում է հիջաբ կրել։ Այդ մասին The Guardian-ի փոխանցմամբ հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին։ 

«Ե՛վ խորհրդարանը, և՛ դատական մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ»,- հայտարարել է գլխավոր դատախազը՝ չնշելով, թե ինչպես այդ մարմինները կփոխեն օրենքը։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 30-ին փորձագետների խումբը խորհրդարանում հանդիպել է մշակույթի հարցերով հանձնաժողովի հետ։ «Եվ մենք կտեսնենք արդյունքները մեկ կամ երկու շաբաթ անց»,- հավելել է Մոնթազերին։

Իրանում կանանց համար հիջաբի կրումը պարտադիր էր դարձել 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, սակայն իրանցի մեծ թվով կանայք խուսափում էին այդ պարտավորությունից։ 2022 թվականի հուլիսին Իրանում ընդունվել էր հիջաբի և ազնվաբարոյության մասին խիստ օրենքը, որը, իշխանությունների պնդմամբ, ուղղված էր նրանց դեմ, որոնք ճիշտ չեն կրում հիջաբը։ Կանանց պարտադրում էին կրել գլխաշոր, որը ծածկում է մազերը, վիզը և ուսերը, իսկ բարոյականության ոստիկանությունը բերման էր ենթարկում նրանց, որոնք խախտում էին այդ կարգը։

Այս տարվա սեպտեմբերի սկզբից Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ 22-ամյա Մահսա Ամինին մահացել էր ոստիկանության ձերբակալությունից հետո՝ հիջաբի «սխալ կրման պատճառով»։ Բողոքի ակցիաներն ընթանում են ողջ երկրով մեկ։ Դրանք դաժանորեն ցրվում են ուժային կառույցների կողմից։

Իրանի իշխանությունների հայտարարությամբ՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 200 մարդ։ Իրավապաշտպանները նշում են, որ դեկտեմբերի 2-ի դրությամբ Իրանում սպանվել է 469 ցուցարար, այդ թվում 64 անչափահաս։ Ավելի քան 18 000 ցուցարար էլ ձերբակալվել է։

Լուսանկարը՝ MORTEZA NIKOUBAZL/Reuters/Corbis

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter