HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին անգամ այցելել է Բահրեյն

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի օրը՝ դեկտեմբերի 4-ին, պատմության մեջ առաջին անգամ այցելել է Բահրեյն։ Այդ մասին հայտնում է հրեական պետության ղեկավարի աշխատակազմը։ 

«Հերցոգը պետական այցով մեկնել է Բահրեյն, որն առաջինն է պատմության մեջ իսրայելական նախագահի համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Հրեական պետության ղեկավարը Մանամա է մեկնել Բահրեյնի թագավոր շեյխ Համադ բեն Իսա ալ-Խալիֆայի հրավերով։ «Իմ այցը խաղաղության այց է։ Դա ևս մեկ պատմական քայլ է Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերություններում, որոնք ամրագրվել են «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրումով, ինչպես նաև ևս մեկ քայլ Իսրայելի հետ խաղաղության շրջան նոր երկրների ներառման ճանապարհին։ Ես կլինեմ Բահրեյնի թագավորի և նրա կառավարության հյուրը ու հույս ունեմ քննարկել հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- Հերցոգի հայտարարությունը տարածել է նրա աշխատակազմը, որն արել էր Մանամա մեկնելուց առաջ։ Իսրայելի նախագահը հավելել է, որ Բահրեյն է մեկնում արդյունաբերության և տնտեսության ոլորտների ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ։

Բահրեյնից Հերցոգը դեկտեմբերի 5-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կմասնակցի Աբու Դաբիի տիեզերական հարցերով կոնֆերանսին ու կհանդիպի ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանի հետ։ «Դա կլինի նրանց չորրորդ հանդիպումը։ Առաջնորդները կքննարկեն հարաբերությունների ամրապնդումը, խաղաղության կարևորությունը և երկկողմ համագործակցության ընդլայնման ճանապարհները»,- հավելել է Իսրայելի նախագահի աշխատակազմը։

2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմը, ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել էր ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթերը։ Արևմուտքում եռակողմ գործարքն ստացել էր «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը։ Ավելի ուշ, նմանատիպ փաստաթղթեր Իսրայելն ստորագրեց նաև Սուդանի և Մարոկկոյի հետ։ Մինչ այս արաբական երկրներից Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ։  

Լուսանկարը՝ Haim Zach/GPO

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter