HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակն է ՏՏ ոլորտը փոխանցել Սոցապ նախարարության խնամակալությանը

Արդեն քսան տարի է՝ մենք գիտենք, որ Հայաստանը երկրորդ սիլիկոնային հովիտն է, որ Հայաստանի ՏՏ ոլորտը երկրի տնտեսության շարժիչն է, ապագան, հույսը և պարծանքը։

Այդ հույսի և պարծանքի համար մենք արդեն քսան տարի է աջակցում, խրախուսում, ֆինանսավորում, հարկային արտոնություններ ենք տալիս ՏՏ ոլորտին։

Կառավարությունն ահռելի հարկային արտոնություններ է սահմանել։ ՏՏ որոշ կազմակերպություններ շահութահարկ չեն մուծում, իսկ եկամտահարկ՝ ընդամենը 10%։ Արտոնություններ տալու գործն արագացնելու համար կառավարությունը ստեղծեց հատուկ նախարարություն՝ ԲՏԱ անվամբ։ Օրերս այս նախարարությունը զեկուցեց, որ արդեն 1,600 (հազար վեցհարյուր) կազմակերպություն օգտվում է արտոնություններից։ Արտոնություններից զատ կան նաև աջակցության այլ՝ բազմամիլիարդանոց ծրագրեր։

Կառավարությունը չունի սեփական ֆինանսական միջոցներ։ Այն տնօրինում է աշխատող և հարկ վճարող կազմակերպությունների միջոցները։ Աշխատող կազմակերպություններից հավաքած հարկերը կառավարությունը տալիս է արտոնյալներին, որոնք ակներևաբար չեն կարողանում լավ աշխատել և հարկեր մուծել։

Վերջին 20 տարիներին մեզ մոտ էվոլյուցիոն հակառակ ընտրություն է տեղի ունենում։ Էֆեկտիվ աշխատող և հարկեր մուծող ընկերություններին գնահատելու և զարգանալու հնարավորություն տալու փոխարեն, մենք նրանց պատժում ենք, իսկ թույլերին՝ խրախուսում։

Կառավարության որևէ մեկնաբանություն արտոնյալներից չհավաքված հարկերի չափի մասին մենք չենք լսել։

Ինչևէ, քսան տարի է՝ մենք ահռելի միջոցներ ենք տալիս ՏՏ ոլորտի բարերար ազդեցության մասին լսելու համար։ Ակնհայտ է, որ քսան տարին անընդունելի երկար ժամանակահատված է որևէ զարգացման ծրագրի համար։ Սա արդեն վաղուց տնտեսական քաղաքականություն չի։

Ժամանակն է ՏՏ ոլորտը փոխանցել Սոցապ նախարարության խնամակալությանը։

Մենք արդեն սովորել էինք չնկատել այս երևույթը։

Եվ ահա.

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրեց ՏՏ ոլորտին արտոնություններ տալու հերթական նախագիծը, որն արդեն հաստատվել է։ Կառավարության հայտարարությունում ասված է՝

Կառավարությունը 10 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի ՏՏ ոլորտին

Իրականում աջակցությունը ցուցաբերվում է ոչ թե ամբողջ ՏՏ ոլորտին, այլ միայն ՏՏ ոլորտի այն ձեռնարկություններին, որոնք իբրև թե իրենցից անկախ պատճառով վատ վիճակում են հայտնվել։

Պարզվում է՝ վատ վիճակի պատճառը դոլարի արժեզրկումն է։ Եվ աջակցություն է ցուցաբերվելու այն ընկերություններին, որոնք իրենց արտադրանքն արտահանում են։ Այս կազմակերպություններն արտերկրի իրենց գլխամասից գումարը ստանում են դոլարով, փոխանակում են դրամի և դրամով աշխատավարձ են տալիս։ Եվ ահա, ինչպես իրենք են ասում, դոլարը 20% էժանացել է՝ 480 դրամից նվազել է մինչեւ 400 դրամ։ Իրենք դժվարանում են աշխատավարձ տալ և իրենց աջակցություն է անհրաժեշտ։ (Ի դեպ, երբ դոլարը 480 դրամից դառնում է 400 դրամ, արժեզրկվում է 16.67%, այլ ոչ թե 20%-ով)։

Կառավարությունն ընդառաջում է խնդրանքին և այս կազմակերպություններին վերադարձնելու է եկամտահարկը։ Այսինքն՝ փոխհատուցում է դոլարի արժեզրկման էֆեկտը։

Աջակցություն խնդրելու այս վերջին դեպքը շարքայիններից չէ։ Այն արտառոց է նրանով, որ օգնություն են խնդրում ՏՏ հաջողակ ընկերությունները։

Բոլորը գիտեն, որ ՏՏ ոլորտում աշխատավարձները շատ բարձր են։ Իսկ կոնկրետ արտերկրի համար աշխատող այս կազմակերպություններում ամենաբարձր աշխատավարձներն են։ Հայաստանի չափանիշներով՝ անչափ բարձր։ Աշխատավարձներն այստեղ հասնում են մինչև 3-4 և ավելի միլիոն դրամի։

Այս մարդիկ հաստատ հարևաններ, ընկերներ, ազգականներ ունեն, որոնք 300-400 հազար դրամ աշխատավարձով 4-5 հոգանոց ընտանիք են պահում։ Այդուհանդերձ, նրանք խնդրում են, որ իրենց 300-400 հազար դրամ աշխատավարձ ստացող հարևանների, ընկերների, ազգականների հաշվին, ՏՏ ոլորտի մյուս ընեկությունների հաշվին պահպանվի իրենց 3-4 մլն դրամանոց աշխատավարձը։

Անընդհատ պատվերներ, աջակցություններ, հարկային արտոնություններ մուրալը և ստանալը դարձել է ՏՏ ոլորտի ղեկավարների գլխավոր արժանիքը։

Եվ ՏՏ առաջատար ընկերությունների ղեկավարները բոլոր հնարավոր հարթակներից, ի տես երկրի օգնություն էին պահանջում։ Հիմնավորումը ստանդարտ էր՝ իրենք շատ օգտակար են ՀՀ տնտեսության համար։

Տգեղ երևույթ էր։

Ու այդ ընկերությունների ղեկավարներից կամ գերբարձր աշխատավարձ ստացողներից որևէ մեկը չասաց՝ տղերք ամոթ է, էս ի՞նչ ենք անում։   

Ինչևէ, աջակցությունը ստացված է, և գործիչները շտապում են նշել իրենց արժանիքները։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշում է. «Կարծում ենք՝ ստացված արդյունքը խոսում է տեխնոլոգիական համայնքի միասնական ձայնի նշանակալիության մասին։ Համայնքը հանդես եկավ ընդհանուր ճակատով և այս հարցի շուրջ հասավ հաղթական արդյունքի։ ԱՏՁՄ-ն իր շնորհակալությունն է հայտնում համայնքին համագործակցության և կոնսոլիդացիայի համար»։

Իմ գնահատականը տարբերվում է ԱՏՁՄ տնօրենի գնահատականից։

Սա պոռոտամիտ և պոռոտախոս չինովնիկության հաղթանակն է էֆեկտիվ տնտեսական քաղաքականության նկատմամբ։ Սա Հայաստանի ՏՏ ոլորտի ուզվորների հաղթանակն է Հայաստանի բարեխիղճ հարկատուների նկատմամբ, իրենց՝ հազիվ ծայրը ծայրին հասցնող հարևանների նկատմամբ։

Սա ՀՀ կառավարության տնտեսագիտական մտքի, տնտեսական ու սոցիալական անհեթեթ քաղաքականության պատկերն է։

Պետք չէ հուսալ, թե կառավարությունը կհասկանա հավասար մրցակցության բացարձակ կարևոր դերը տնտեսության զարգացման հարցում։ Այսպես չինովնիկները կկորցնեն բարիքները վերաբաշխելու աստվածային դերը։ Կզրկվեն գործարարների նվաստ, պաշտամունքով լի հայացքներից։

Արտոնություններն, իհարկե, չափազանց մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, բայց դրանք ավելի վնասակար են հենց արտոնություններ ստացողների համար։ Արտոնություններ ստանալու հնարավորությունը ընկերություններին դարձնում է խնդրող, այլ ոչ թե ստիպում է պայքարել ավելի ուժեղ և էֆեկտիվ դառնալու համար։

Գործարարները պետք է սկզբունքային որոշում կայացնեն։ Ամբողջ կյանքում նայելու են չինովնիկի ձեռքի՞ն, թե պայքարելու են ազատ, հավասար մրցակցային, արտոնությունները բացառող տնտեսական համակարգի համար։

Այս որոշման նախագիծը կազմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հետևաբար սրա ուղղակի և գլխավոր պատասխանատուն էկոնոմիկայի նախարարն է։

Ես երկար ժամանակ չէի հասկանում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ արժանիքների համար Վահան Քերոբյանին նշանակեց Էկոնոմիկայի նախարար։ Ի վերջո, գտա միակ ողջամիտ պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը գտավ մեկին, որը ոչինչ չի հասկանում էկոնոմիկայից։ Այս չափանիշով են ընտրվել նաև Հայկ Չոբանյանը և հավանաբար շատ ուրիշ չինովնիկներ ևս։

Պրն Փաշինյանն իրեն այսպես հանգիստ է զգում։

Աշոտ Խաչատրյան,

«Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter