HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի սահմանի մոտ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանում՝ Իրանի հետ սահմանի երկայնքով, մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան, որը կնքվել է Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ զորավարժությունները, որոնց ներգրավված են տարբեր տեսակի զորքերի անձնակազմը, մարտական և հատուկ ինժեներասակրավորային տեխնիկա, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի ռազմական ավիացիայի միջոցները, ընթանում են Բաքվում, Աստարայի, Ջաբրայիլի ու Իմիշլիի շրջաններում, որոնք աշխարհագրորեն գտնվում են Իրանի հետ սահմանին մոտ։

Համաձայն զորավարժությունների սցենարի՝ Ադրբեջանի բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի և հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները, Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ միասին, իրականացնում են ուսումնամարտական տարբեր առաջադրանքներ։

«Զորավարժությունների ընթացքում, հաշվի առնելով ժամանակակից մարտ վարելու եղանակները, իրականացվում են տարբեր առաջադրանքներ` հրետանու, ավիացիայի և զորքերի այլ տեսակների ռազմական գործողություններում կիրառման, համախմբվածության կազմակերպման, գետերի վրայով պոնտոնային կամուրջներով անցումներ կատարելու, ինչպես նաև դեսանտը պայմանական հակառակորդի թիկունքում իջեցնելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ համատեղ վարժանքների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվում է զորքերի փոխգործակցության ժամանակ մարտական ներդաշնակության ապահովմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:

Ադրբեջանական Trend գործակալությունը նշում է, որ այս զորավարժությունները հստակ ազդակ են Իրանի համար։ Ադրբեջանա-իրանական սահմանի մի հատվածն անցնում է Արաքս գետով, իսկ թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի զորավարժությունների հիմնական ուղղություններից մեկն էլ պոնտոնային կամուրջների տեղադրման կատարելագործումն է, որոնք կարող են կիրառվել իրանա-ադրբեջանական հնարավոր բախումների ժամանակ։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter