HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել Ասկերանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանի շրջանի վարչակազմում, ծանոթացել առկա հրատապ խնդիրներին: Ստորեւ՝ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունն այցի մասին։

Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն առաջնային է համարել անվտանգության խնդիրը՝ նշելով, որ դա լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և մարդկանց զրկում ապրուստից, քանի որ մշակելի հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ:

Խորհրդակցությանը բարձրացվել է նաև համայնքներ-վարչակազմ- նախարարություններ օպերատիվ կապի և արդյունավետ համագործակցության հարցը: Ընդգծելով աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ միայն կարգապահ ու կազմակերպված աշխատանքով է հնարավոր դիմակայել նոր մարտահրավերներին: Այս իսկ պատճառով վարչակազմի ղեկավարների հետ ամենօրյա ռեժիմով խորհրդակցությունների մեխանիզմ է ներդրվել, ինչը հնարավորություն է տալիս անձամբ նրանցից լսել իրավիճակի ու հրատապ խնդիրների մասին:

Այցի ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել նաև Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների, շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, քաղաքացիական պաշտպանությանը, բնակարանային ապահովման խնդիրներին, դպրոցների, ճանապարհների վերանորոգմանը և այլն:

Անդրադառնալով անվտանգության խնդրին՝ պետնախարարը նշել է. «Խաղաղության հաստատման հնարավորությունը միայն մեր ուժի և համախմբվածության մեջ է: Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել այդ հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք: Մենք պետք է դառնանք ուժեղ, համախմբված, որպեսզի իրենք չկարողանան հարցը լուծել մեզ համար անընդունելի եղանակով: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Մենք պետք է զգոն լինենք»: Խոսելով Ստեփանակերտ- Գորիս ճանապարհի փակման միջադեպի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինենք: «Իրավիճակն այսպիսին է: Դրա դեմ պետք է պայքարենք բոլոր միջոցներով: Այս իրականությունը մեզնից բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում՝ թե՛ խնդիրների ախտորոշման, թե՛ որոշումների կայացման, թե՛ ընդհանուր գործելաոճի հարցում: Մենք շատ լուրջ վտանգներ և մարտահրավերներ ունենք, բայց ես վստահ եմ, որ մենք դրանք հաղթահարելու ենք: Մեր պայքարը շարունակվում է մեր հողի վրա ապրելու իրավունքի, մեր երեխաների ապագայի համար: Եվ սա ողջ հայության պայքարն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter