HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իշխող խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախկին նախագահի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ թեկնածուին ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Թեկնածուն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՔՊ խմբակցությանը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրելու համար:

«Ինձ համար այն չափազանց մեծ պատասխանատվություն է, իսկ խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում, որպես գիտնական անդամ առաջադրվելը՝ կրկնակի պարտավորեցնող»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց, որ դատական համակարգում պետք է բացառվեն օրենքի ոչ միատեսակ կիրառումը, դատական ակտերի անկանխատեսելիությունը, չպատճառաբանված դատական ակտերը, կամայականություններն ու խտրականությունները, իսկ առանձին դեպքերում՝ բացահայտ ապօրինությունները: Սակայն, ըստ թեկնածուի, չի նշանակում, որ դատավորը պետք է կաշկանդված լինի կարգապահական պատասխանատվության օրենքի ազատ մեկնաբանությունների, փաստերին ու ապացույցներին անձնական գնահատական տալու, ներքին համոզմամբ գնահատելու համար:

«Եզրափակելով խոսքս` ուզում եմ հավաստիացնել, որ ձեր վստահության քվեն ստանալու և Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու դեպքում պարտավորվում եմ պարտականություններս իրականացնել բացառապես միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»,- նշեց Հայկ Գրիգորյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, դիմելով ԲԴԽ անդամի թեկնածուին, ասաց, թե ուրախ է նրան «այստեղ տեսնել», քանի որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատելու ժամանակ «հաջող աշխատանքային փորձ է ունեցել»:

Այնուհետև Թորոսյանը հետաքրքրվեց թեկնածուից, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի արգելի կամ կանխարգելի միջամտությունները դատական համակարգի նկատմամբ՝ ապահովելով արդար դատական համակարգ՝ այդ թվում գործող իշխանություններից:

«Որովհետև մենք համակարգեր ստեղծում ենք ոչ թե մեզ համար այլ երկրի համար և դրանք զարգացնում ենք սերունդների համար,- նշեց Արսեն Թորոսյանը:

Հայկ Գրիգորյանը նշեց, որ ԲԴԽ անդամն ընդամենը ներազդելու մեկ լծակ ունի, որն արդար քվեարկությունն է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման ժամանակ:

Թեկնածուի պատասխանից հետո էլ Արսեն Թորոսյանը շարունակեց «գովել» Հայկ Գրիգորյանին:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանին էլ մտահոգում էր այն փաստը, որ առաջին ատյանի դատարանները, երբ ակնհայտ արդար որոշում են կայացնում, դատախազությունը շարունակում է բողոքարկել մինչև վճռաբեկ դատարան, ինչը նվազեցնում է արդարադատության արդյունավետությունը, իսկ գործի քննությունն էլ երկարում է:

Հայկ Գրիգորյանն ասաց, որ ԲԴԽ-ն իրավակիրառ մարմին է: Առկա գործիքակազմի կիրառումն այս կամ այն խախտումների նկատմամբ, ձևավորելու է համապատասխան մոտեցում անցանկալի դրսևորումների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա թեկնածուն նշեց, որ դա եռաստիճան համակարգի առանձնահատկությունն է, և այդ մեխանիզմը տեղին է: Բողոքարկումներով ապահովվում են օրինականությունը, դատական ակտի հիմնավորվածությունը և այլն:

«Գաղտնիք չէ, որ ցանկացած քննություն սուբյեկտիվ պրոցես է: Այդ սուբյեկտիվ պրոցեսում լինում են իրավիճակներ, որ հասարակության համար անհասկանալի է, թե ինչու առաջադրվեց այդ մեղադրանքն՝ այս ձևակերպումով»,- ասաց Գ. Արսենյանը:

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ևս ուրախ էր Հայկ Գրիգորյանի թեկնածության առաջադրման համար: Պատգամավորին հետաքրքրում էր թեկնածուի կարծիքը ԲԴԽ-ի կազմի վերաբերյալ՝ 5 դատավոր և 5 գիտնական անդամ: Տիգրանյանին հետաքրքրում էր արդյոք չկա անհրաժեշտություն խախտել բալանսը՝ առաջնահերթությունը տալով իրավաբան-գիտնականներին, որպեսզի շատ ավելի անաչառ և «դրսի աչքով» դիտարկվեն դատական համակարգում առկա խնդիրները:

Պատասխանելով հարցին՝ Հայկ Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքով բալանսն ապահովված է:

Ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը ԲԴԽ թեկնածուին հարց չուղղեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter