HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ներպետական դատարաններում խախտել են նախկին դատավորի արդար դատաքննության իրավունքը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: Արձանագրվել է նախկին դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, ինչի համար կառավարությունը պետք է նրա մերձավորներին փոխհատուցի 4900 եվրո, որից 3600-ը՝ ոչ նյութական վնասի, իսկ 1300 եվրոն՝ դատական ծախսերի համար:

Սամվել Մնացականյանը մահացել է 2021թ-ին: Նախկին դատավորի մահից հետո ՄԻԵԴ-ում հանդես են եկել նրա կինը՝ Լիա Մնացականյանը և դուստրը՝ Հասմիկ Մնացականյանը:

Սամվել Մնացականյանը աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ 2009թ-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

2011թ. մայիսի 30-ին դատավոր Սամվել Մնացականյանը բավարարել է մեղադրյալ Ա. Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել էր գրավով, ինչն էլ կարգապահական պատասխանատվության հիմք էր հանդիսացել: 

Երկու օր անց` 2011թ. հունիսի 1-ին, Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Արման Մկրտումյանը համապատասխան գրությամբ դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Մկրտումյանի գրությունն էլ առիթ է հանդիսացել դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Նույն տարվա հունիսի 24-ին Արդարադատության խորհուրդը քննարկել է Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ որոշելով դիմել երկրի նախագահին Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Ըստ Արդարադատության խորհրդի որոշման, դատավոր Մնացականյանն առանց պատճառաբանության անձի նկատմամբ կիրառել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատ արձակել:

2011թ-ի հուլիսի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով դադարեցվել են դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները:

Սամվել Մնացականյանի ներկայացուցիչներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը դիմել էին վարչական դատարան՝ Արդարադատության խորհրդի որոշման առ ոչինիչ լինելը հաստատելու կամ այն անվավեր ճանաչելու ու Հանրապետության նախագահի՝ դատավոր Ս.Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Վարչական դատարանը արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը վիճարկելու մասով հայցը մերժել է վարույթ ընդունել՝ Արդարադատության խորհրդի վիճարկվող որոշումը բողոքարկման ենթակա չի եղել: Վերադաս ատյանները չեն բավարարել դատավորի ներկայացուցիչների բողոքները: Նախագահի հրամանագրի մասով ևս հաջողությունների չեն հասել: Ներպետական դատարանները եզրակացրել են, որ հրամանագիրն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան, որը հիմնված է Արդարադատության խորհրդի 2011թ. հունիսի 24-ի որոշման վրա. հետևաբար այն անվավեր ճանաչելու հիմքեր չկան։ Դրանից հետո Սամվել Մնացականյանը դիմել է ՄԻԵԴ:

Նակին դատավորի ներկայացուցիչ Արա Ղազարյանը ՄԻԵԴ-ում հարց էր բարձրացրել, որ դատավորները զրկված են եղել Արդարադատության խորհրդի որոշումների դատական վերանայման հնարավորությունից: Արդարադատության խորհրդի որոշումները վիճարկելու օրենսդրական հնարավորություն չկա, իսկ խորհրդում վարույթը չի տալիս նույն դատավարական երաշխիքները, ինչը ընդհանուր իրավասության դատարանների դեպքում է:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Արդարադատության խորհուրդը պաշտոնանկության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու մարմին չի եղել և չի կատարել դատարանի գործառույթ: Ավելին, ներպետական օրենսդրությունը բացառել է Արդարադատության խորհրդի՝ դատավորին պաշտոնանկ անելու վերաբերյալ առաջարկություն տալու մասին որոշման դեմ բողոքարկելու հնարավորությունը: 

ՄԻԵԴ-ի վճռում արձանագրվել է, որ պետության հետ դատավորների աշխատանքային հարաբերությունները պետք է ըմբռնվեն դատական անկախության համար էական հատուկ երաշխիքների և դատավորների անփոփոխելիության սկզբունքի լույսի ներքո։ Այդ հարաբերությունները պահանջում են, որ դատական համակարգի անդամներն իրենց պարտականությունները կատարելիս բավականաչափ հեռու լինեն պետության մյուս ճյուղերից, որպեսզի նրանք կարողանան որոշումներ կայացնեն բացառապես հիմնվելով օրենքի և իրավունքի գերակայության վրա՝ առանց վախի ու կաշկանդվածության: 

«Սխալ կլինի ենթադրել, որ դատավորները կարող են պահպանել օրենքի գերակայությունը և ուժի մեջ դնել Կոնվենցիան, եթե ներպետական օրենսդրությունը նրանց զրկում է Կոնվենցիայի հոդվածների երաշխիքներից այն հարցերի վերաբերյալ, որոնք անմիջականորեն առնչվում են նրանց անհատական անկախությանը և անաչառությանը»,- արձանագրվել է ՄԻԵԴ վճռում:

Հենց այդ հանգամանքն էլ ՄԻԵԴ-ը դիտարկելով արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտումը:

Լուսանկարում՝ Սամվել Մնացականյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter