HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պաշտոնյայի տատն ու պապը փոխկապակցված անձանց ցանկից հանվեցին՝ մնալով «սերտ անձնական հարաբերություններ ունեցողներ»

Ազգային ժողովը 68 կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովում ներկայացնում էր Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն: Նշված պաշտոնյաները պետք է նաև միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամներն ու փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ իրենց պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև:

Նախագծի սկզբնական փուլում նախատեսված էր, որ պաշտոնյայի պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները պաշտոնյայի հետ փոխկապակցված անձ են: Սակայն, առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է նշված անձանց փոխկապակցված անձ չդիտարկել: Հենց այդ փոփոխությամբ էլ նախագիծն ընդունվեց պատգամավորների կողմից:

Տպավորություն է ստեղծվում, որ Կառավարությունը շրջանակը նեղացրել է և փոխկապակցված անձ է դիտարկում միայն պաշտոն զբաղեցնող անձի ամուսնուն, իր կամ ամուսնու զավակին (այդ թվում՝ որդեգրված), ծնողին (այդ թվում՝ որդեգրողը), քրոջն ու եղբորը: Սակայն Կառավարությունից հակառակն են պնդում:

Նախատեսված է, որ պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք ևս համարվում են փոխկապակցված անձինք:

Քանի որ երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորներից գրավոր առաջարկներ չէին ստացվել, վերջիններս նախարարի տեղակալին հարցեր տալու իրավունք չունեին: Այդպես էլ պարզ չդարձավ, թե կառավարության առաջարկով հանված, օրինակ՝ քրոջ, եղբոր, զավակի ամուսինները «սերտ անձնական հարաբերություններ ունեցող» համարվում են, թե ոչ: Սա է պատճառը, որ սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ նշված անձանց փոխկապակցված անձանց ցանկից դուրս թողնելու հանգամանքը:

Կառավարությունը նշված անձանց ցանկից հանելը պայմանավորել է այն հանգամանքով, որ «պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձ» հասկացությունն ավելի լայն է և ներառում է սերտ հարաբերություններ ունեցող ազգականների շրջանակը, հետևաբար առավել ճիշտ է արտացոլում կարգավորման նպատակը:

Սահմանվել է «նվեր» հասկացությունը: Այն ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը: Արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները, կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողությունները, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն և որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում նաև փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով ևս դիտվում է «նվեր»:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.

  • պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը։

«Հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով և առաջարկներով:

  • Ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը
  • Կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում
  • Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե հյուրասիրությունն ու արարողակարգային նվերները գերազանցում են 60,000 դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Նվերների արժեքը գնահատվելու է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով: Օրինակ՝ հնարավոր է «google»-ի միջոցով փնտրել տվյալ ապրանքի շուկայական գինը և առաջնորդվել դրանով:

Նախատեսված է, եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա հանրային ծառայողը սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ քան 5-օրյա ժամկետում, հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին: Դատավորը հայտնում է Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին, դատախազը, քննիչը՝ համապատասխան մարմնում գործող էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ 15-օրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:

Ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն, եթե նվերը հանդիսանում է թույլատրելի չհամարվող, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում՝ խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին։

Նույնը վերաբերում է փոխկապակցված անձանց կողմից ստացված նվերներին:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր է իր կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում: 40,000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։

Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն: Հիմնական զեկուցող Արփինե Սարգսյանն այս հանգամանքը բացատրեց նվերի տրման հրապարակային բնույթով, ինչի պարագայում հաշվառումն անհարկի ծանրաբեռնվելու է համակարգը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է սահմանելու նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, ռեեստրի վարման կարգերը, ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը։

Նախատեսվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնի նշանակվելուց (ընտրվելուց) հետո իրավունք չունեն ձեռք բերել առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ): Եթե արդեն ունեն, ապա պարտավոր են պաշտոնը ստանձնելուց կամ ժառանգությունն ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում հանձնել հավատարմագրային կառավարման: Որպես հավատարմագրային կառավարիչ հանդես գալ չեն կարող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողների հետ փոխկապակցված անձինք։

Շահեր և շահերի բախում

Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է կարգավորել նաև շահերի բախումը: Ըստ այդմ՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։

Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իրեն փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։

Գործարար հարաբերությունները ներառում են տնտեսական, տնտեսվարման կամ գործարքներից ծագող ցանկացած հարաբերություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել օգուտների ստացման այդ հարաբերությունների մասնակիցների կամ նրանցից որևէ մեկի համար: 

Քաղաքական հարաբերությունները ներառում են որևէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած գործարար կամ այլ գործնական կամ անձնական կապի ուժով ծագող հարաբերությունները:

Եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ:

Վերադաս, անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ 2 տարվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր չներկայացրած անձը համարվում է հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:

Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու

Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է նաև հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի առկայություն: Վերջինս պետական կամ համայնքային ծառայություն իրականացնող կամ հանրային պաշտոն զբաղեցնող այն անձն է, ով ապահովում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը: 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի և վերջինիս փոխարինող առնվազն մեկ անձի նշանակումը, որը համատեղվում է այդ անձանց այլ գործառույթների հետ։

Պատասխանատուն պարտավոր է իր իրավասության շրջանակներում համագործակցել իրավասու մարմինների հետ, ապահովել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների իրականացումը, հաշվետվությունների տրամադրումը, ինքնագնահատման զեկույցների կազմումը, հարցաշարերի լրացումը, մասնակցությունը հակակոռուպցիոն ոլորտին առնչվող քննարկումներին: Իրավունք ունի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում տվյալ մարմնի ստորաբաժանումներից պահանջել և ստանալ տեղեկատվություն և այլն:

Նշենք, որ նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները դահլիճում չէին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter