HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Խաղաղության գինը. 773 օր»

Նման շոգ աշուն հայաստանցիները չէին հիշում: Կրակ էր թափվում երկնքից, ու հողը ներկվում էր կարմիր: 2020թ․-ի աշունը դեռ երկար ժամանակ մարդիկ չեն մոռանա: Չէ, ոչ թե նրա համար, որ անսովոր տաք էր ու թե ե՞րբ էր նման աշուն եղել, այլ՝ որովհետեւ արյունոտ էր այդ տարվա աշունը: 44 օր շարունակ ծառից թափվող տերեւների նման, մեզանից հեռանում էին տղաներն, ովքեր այլեւս չէին ապրելու իրենց կյանքի ձմեռն ու չէին ուրախանալու բացվող գարնան տաք շնչով: Ինչպես հողին փարված տերեւն այլեւս չէր կարողանալու վերադառնալ իրեն ծնունդ տված մայր ծառին, այդպես էլ հողն էր իր գիրկն առնում կյանքին ընդմիշտ հրաժեշտ տված քաջերին: Նրանց մի մասը 773 օր անց պիտի այդ նույն տերեւների տեսքով վերածնվեին գյումրեցի նկարչուհի, քանդակագործ Լիաննա Մակարյանի կտավներում: 

Նկարչուհու հոգին մրսում էր աշնան գունեղ միջավայրում: Մոսկվայում հանգիստ էր. փոթորկոտ օրերը բաժին էին հասել մայր հայրենիքին: Միտքն անհանգիստ էր, գիշերներն՝ անքուն, սպասումներն՝ անտանելի: Անզորության զգացումը հաղթահարելու համար ձեռքը վերցրեց վրձինն ու սկսեց կտավին հանձնել հոգին փոթորկող մտքերից ծնվածը: Կտավներում պատկերվածը ծանր էր: Այնտեղ պատերազմի ավերն էր, որին լուռ հետեւում էր աշխարհը: Կտավներում կիսատ մնացած ընտանիքներն էին, կիսատ երազանքներ, կիսատ ծրագրեր, կիսատ հայրենիք: 

«Այնպես էր ստացվել, որ այդ ժամանակ ընտանիքով Մոսկվայում էինք,- պատմում է Լիաննան,- տղաս՝ Դավիթը, որ այդ ժամանակ ընդամենը 5 տարեկան էր, քարտեզն ուզեց, խնդրեց ցույց տալ Հայաստանը: Հետո ինձ հարցրեց՝ մամ, թուրքերի երկիրը մերինից մե՞ծ է, ասի՝ հա, բալես: Ադրբեջանցիների երկիրն էլ է մերինից մե՞ծ, ասի՝ հա, բալես: Մի քիչ մտածեց, հետո թե՝ մամ, ախր մենք ըդքան փոքր ենք, ի՞նչ գուզեն մեզնից, թողնին ապրինք էլի մեր համար հանգիստ: Ու սա ընդամենը մի փոքր երեխայի տրամաբանությամբ, որ, ցավոք, բացարձակ հասու չէ մեր թշնամիներին: Մտածում էի, մենք, որ հեռու ենք ու էդքան տանջվում ենք, ի՞նչ է կատարվում էն ընտանիքներում, որտեղ զոհեր կան, գերիներ ունեն կամ էդպես էլ չեն կարողացել գտնել իրենց հարազատին՝ մեռած կամ ողջ: Ու երեւի սա էր նաեւ, որ ստիպեց ինձ նստել նկարակալի առջեւ: Գուցե շատերը մտածեն, թե ինչ մի նկարելու ժամանակն էր, բայց արվեստի մարդիկ ինձ կհասկանան: Մեր արտահայտվելու, մեր ասելիքը տեղ հասցնելու ձեւն է դա»:

Տերեւների վրա զոհված տղաներին պատկերելու միտքը շատ ավելի ուշ պիտի գար՝ պատերազմին հաջորդած տարում: Շրջում էր աշնանային տերեւաթափից ծածկված փողոցներում՝ կտավի համար հարկավոր հումքը հավաքելու նպատակով: Գաղափարը խենթ էր թվում, վստահ չէր՝ արդյոք փխրուն այդ նյութը, որ չորանալուց հետո փշրվում է, երկար կյանք կունենա, թե ոչ:

«Սկզբում տատանվում էի, հետո հասկացա, որ եթե երկար մտածեմ՝ կլինի՞, թե՝ չէ, պարզապես չեմ անի: Տղաների նկարներն ընտրում էի համացանցից: Աշխատում էի, որ հիմնականում Շիրակի մարզից լինեն, որ հետագայում հնարավոր լինի նաեւ հարազատներին գտնելն ու նկարները նվիրել: Առաջին փորձերս ձախողվեցին՝ առաջին անգամ ընտրել էի հումք, որ շատ փխրուն էր, պետք էր հասկանալ ինչպես գծել, ներկն ինչպես դնել, որ տերեւի, այսպես կոչված երակները չխանգարեն, ավելի բարակ հատվածներն էլ չփշրվեն»:

Ծնվեց 19 կտավ՝ տղաների դիմապատկերներով: 2022թ․-ի նոյեմբերի 9-ին, պատերազմից 773 օր անց, գյումրեցի հանրությանը ներկայացվեց 44 գործ՝ ստեղծված պատերազմին հաջորդած երկու տարիների ընթացքում: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Գյումրու Երիտասարդական պալատում եւ կրում էր «Խաղաղության գինը. 773 օր» խորագիրը: Ներկա էին նաեւ զոհվածների հարազատներ: Ցուցահանդեսից մեկ շաբաթ անց, Լիաննան, ինչպես եւ նախատեսել էր, տղաների դիմապատկերները հանձնեց հարազատներին:

«Դեռ բոլորը չեն տարել, դեռ նկարներ կան ինձ մոտ: Վատն այն է, որ ոչ բոլորին անունով գիտեմ, ում դիմապատկերն արել եմ: Ես նրանց ընտրում էի համացանցում դրվող լուսանկարներից,- պատմում է Լիաննան,- մտքովս չէր անցնում, որ հետո հարկ է լինելու փնտրել ընտանիքներին: Հույս ունեմ, որ շնորհիվ ցուցահանդեսի եւ համացանցի, իրենք ինձ կգտնեն ու կվերցնեն նկարները: Ի դեպ, կտավներից երեքում մեր գերի տղաներն են»

«Ինձ համար ծանր է եղել եւ ստեղծագործելիս, եւ ցուցահանդեսին պատրաստվելիս, եւ հիմա, երբ բաժանվում եմ այդ գործերից ու պիտի հանդիպեմ հարզատների հետ, նորից ու նորից լսեմ կորստի պատմությունները: Բայց սա իմ պարտքն է, պարտքս այն հազարավոր զոհերին, որոնց կյանքի գնով մենք այսօր ապրում ենք: Գուցե ամենաչնչինն եմ արել՝ որպես մարդ, որպես արվեստագետ, սակայն փորձել եմ իմ խոսքն ասել, ցույց տալ պատերազմի սարսափներն ու ցավը,- զրույցն է ամփոփում Լիաննա Մակարյանը,-մի՞թե ես երբեւէ կմոռանամ այն կնոջը, որ եկել էր տղայի դիմապատկերը տանելու ու խոնարհվեց, ձեռքս համբուրեց: Ես դա երբեք չեմ մոռանա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter