Էդվարդ Նալբանդյանն ընդունել է սենատոր Դիկ Դուրբինին
Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւան ժամանած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դիկ Դուրբինին:
ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին համատեղ ջանքերով նոր լիցք ստացած հայ-ամերիկյան բազմաբովանդակ համագործակցությունը եւ ընդգծել է, որ բարձրաստիճան այցելությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:
Սենատոր Դուրբինն իր հերթին շեշտել է, որ երկար տարիներ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանին առնչվող խնդիրները եւ ուրախ է Երեւան այցելելու ու երկրի ղեկավարներից տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին ծանոթանալու համար:
Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնակատարն ամերիկյան սենատորին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել զրուցակցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հետեւողական ջանքերի համար:
Զրուցակիցները հանգամանալից խոսել են Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել