HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իվանյանում ռուս խաղաղապահները հանդիպել են ադրբեջանցիներին

Ստեփանակերտից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իվանյան (Խոջալու) բնակավայրում, որտեղ տեղակայված է նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, առաքելության հրամանատարական կազմը հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որոնք ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։ Հրապարակված լուսանկարներից երևում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի ներկայացուցիչները, մասնավորապես անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Հանդիպումը կայացել է ռուսական ուժերի շտաբում՝ խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ։ Նմանատիպ մեկ այլ հանդիպում եղել էր նախորդ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին։ Համացանցում, սակայն, տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցների անվան տակ իրականում հանդես են գալիս Ադրբեջանի զինված ուժերի զինվորականները, որոնք ժամանել էին Շուշիից։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ իրենց ներկայացուցիչները ռուսական կողմին են փոխանցել «լուրջ մտահոգությունները և ադրբեջանական կողմի դժգոհությունը, ինչը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման հետ»։ Նրանք ռուսական ուժերից պահանջել են, որ «Ադրբեջանին թույլատրվի այդ վայրերում անցկացնել մշտադիտարկում»։ «Խոջալուի խաղաղապահ ուժերի շտաբում անցկացված քննարկումների արդյունքում սկսվել է ճանապարհային քարտեզի նախապատրաստումը Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության և համապատասխան այլ հաստատությունների մասնակցությամբ՝ նշված ուղղություններով առկա տարածքներում աշխատանքներ իրականացնելու համար»,- ասվում է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը զուգահեռ միջադեպ է տեղի ունեցել ռուս խաղաղապահների և ադրբեջանցի լրագրողների միջև։ Ադրբեջանցի լրագրողները, առանց թույլտվության, դուրս են եկել ռուսական անցակետից և փորձել շարժվել դեպի այն վայրը, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը։ Ռուս խաղաղապահները, սակայն, ադրբեջանցի լրագրողներին չեն թույլատրել առաջ գնալ՝ փակելով ճանապարհը։

Ավելին, դրանից առաջ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարը հրաժարվել էր զրուցել ադրբեջանցի լրագրողների հետ՝ հայտարարելով, որ ինքը ամեն ինչ տեսնում է և ամեն ինչ կարդում, ինչ հրապարակում է ադրբեջանական մամուլը։ «Ես ամեն ինչ տեսնում եմ և կարդում, ու այդ ամենը վարկաբեկում է»,- հայտարարել է Վոլկովը։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter