HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԶՊՄԿ-ն, «Գեոպրոմայնինգը», «Վեոլիա Ջուրը» հոսանք են գնում ազատ շուկայից

Հայաստանի խոշոր հանքարդյունաբերողներ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ) և  «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը այժմ իրենց արդյունաբերության համար ոչ միայն Հայաստանի էլեկտրական ցանցերից են էլեկտրաէներգիա գնում, այլև՝ ազատ շուկայից։ Եվ ոչ միայն այս երկու խոշոր հանքարդյունաբերողները, այլև՝ մեծ ծավալի հոսանք սպառող ևս 14 ընկերություն, նրանց թվում՝ «Վեոլիա Ջուր»-ը:

Հասկանալու համար, թե ինչպես է դա ստացվել, պետք է վերադառնալ այս տարվա փետրվար։   

Հայաստանում սպառողն իրավունք ունի հոսանքը ՀԷՑ-ից չգնել

Էլեկտրաէներգիան ևս ապրանք է, և 2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է: Սա նշանակում է, որ սպառողն իրավունք է ստացել ինքը ընտրել, թե ո՞ր արտադրողից կամ ի՞նչ աղբյուրից գնել հոսանքը: 

Սա խորթ երևույթ է բնակիչ-բաժանորդների համար, և շատերը դեռևս չգիտեն շուկայի ազատականացման մասին:

Սակայն խոշոր արտադրողների մի մասը արդեն ձգտում է ազատ շուկային, որտեղ հոսանքի գինը հաշվարկվում է  ժամանակային գրաֆիկով և ավելի էժան գնով, քան ՀԷՑ-ից գնելու դեպքում: 

 Օրինակ՝ սպառողը կարողանում է մեկ օր առաջ պատվիրել իրեն անհրաժեշտ հոսանքի քանակը և վճարել  այդ ծավալի դիմաց։ Առայժմ սա ձեռնտու է հոսանքի խոշոր սպառողներին:

Թե երբ հերթը կհասնի բնակիչ-բաժանորդներին, առայժմ հստակ կանխատեսելի չէ։ ենթադրվում է, որ դրա համար դեռևս մի քանի տարի կպահանջվի։

Այն սպառողները, այդ թվում՝ բնակիչ-բաժանորդները, որոնք որևէ այլ մատակարարի կամ արտադրողի չեն ընտրում այսօր, շարունակում են հոսանք ստանալ Հայաստանի էլեկտրական ցանցերից:  

Մինչև այս տարվա փետրվարը հոսանքը սպառողներին հասցնելու ու բաշխելու մենաշնորհը պատկանում էր ՀԷՑ-ին: Հոսանքը մինչև սպառողին հասնելը՝ մի քանի փուլեր է անցնում:

ՀԷՑ-ը գնում է այն արտադրող կայաններից, իր բաշխիչ ցանցով մատակարարում՝ վերավաճառում, սպառողներին: 

Այս փոփոխություններից հետո նոր մատակարարներ են հայտնվել շուկայում, որոնք սպառողին առաջարկում են, որ իրենք արտադրող կայաններից հոսանքը գնեն ու վաճառեն սպառողին: Այս դեպքում բաշխիչ ցանցը կրկին մնում է ՀԷՑ-ի ձեռքում, սակայն մատակարարման գործառույթն անցնում է ուրիշին: 

Ավելին, սպառողն իրավունք ունի հոսանքը գնել ոչ թե մատակարարներից, այլ՝ անմիջապես արտադրողներից: 

11 մատակարար ստացել է ազատ շուկայում գործելու լիցենզիա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այս պահի դրությամբ ազատ շուկայում էլեկտրաէներգիայի մատակարաման լիցենզիա է տրամադրել 11 ընկերության:

Ինչպես ավելի վաղ «Հետք»-ը գրել է, նրանց շրջանում կան ընկերություններ, որոնք փոխկապակցված են ՀԷՑ-ին,  Էներգետիկայի նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանին: 

Մատակարարների աշխատանքը սպառողների հետ համակարգում է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն:

«Այս պահին լիցենզավորված 11 մատակարարներից 4-ն են փաստացի առևտուր իրականացնում ազատ շուկայում: Նրանք այս պահին ընդհանուր առմամբ  26 սպառող ունեն, որոնք  հիմնականում խոշոր արդյունաբերական ընկերություններ են»,- մեզ հետ զրույցում նշեցին հաշվարկային կենտրոնից:

Խոշոր հանքարդյունաբերողները մտադիր են եկող տարվանից հոսանքը գնել անմիջապես արտադրող կայաններից

Ազատ շուկայում այսօր 2  սպառող կա, որոնք հոսանքը գնում են անմիջապես արտադրողներից: Խոսքը «Գեոպրոմայնինգ գոլդ» և «Վեոլիա Ջուր» ընկերությունների մասին է: 

Այդ ճանապարհին է նաև  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ): 

«Ներկայում ԶՊՄԿ-ն հոսանքը գնում է միջնորդներից: Ըստ մեր ռազմավարության՝ «Գեոպրոմայնինգ» խմբի մեջ մտնող բոլոր ըներությունները՝ ԶՊՄԿ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2023 թվականի հունվարից մտադիր են ամիջապես արտադրողից գնել հոսանքը»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց  «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը: 

Ըստ նրա՝ հաշվարկները ցույց են տվել, որ ազատ շուկայից հոսանք գնելով՝ ընկերությունները տնտեսում են էական գումարներ։ Թե որքան՝ չի նշվում, քանի որ դա համարվում է  առևտրային գաղտնիք։

Առևտրային գաղտնիք է նաև այն, թե որ ընկերությունը որ մատակարարի ծառայություններից է օգտվում։

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, ԶՊՄԿ-ն՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: 

Ըստ տեղեկությունների՝ էլեկտրաէներգիայի ազատ շուկա մտնելու մտադրություն ունի նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն: 

Էներգետիկայի ազատ շուկայից են օգտվում նաև  ցեմենտի արտադրությամբ զբաղվող «Արարատցեմենտ», ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Ռուսալ-Արմենալ» ընկերությունները:

Էլեկտրաէներգիայի աղբյուրները Հայաստանում

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի առաջին տասը ամիսներին (հունվար-հոկտեմբեր) Հայաստանում արտադրվել է մոտ 7.2 մլրդ կՎտ/Ժամ էլեկտրաէներգիա:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 16.8%-ով աճել է: 

Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ամենամեծ աղբյուրը ջերմաէլեկտրակայաններն են (գլխավորապես՝ Երևանի ՋԷԿ):

Հաջորդում են Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) և հիդրոէլեկտրակայանները (ՀԷԿ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter