
Պուտինի խոսքով՝ միջուկային պատերազմի սպառնալիքն աճում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմի սպառնալիքն աճում է։ Այդ մասին նա ասել է Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Այդպիսի սպառնալիքն աճում է, ինչ մեղքս թաքցնեմ։ <...> Ռուսաստանը որևէ պարագայում առաջինը չի կիրառի, և եթե առաջինը չի կիրառի, նշանակում է՝ երկրորդն էլ չի կիրառի։ Որովհետև մեր տարածքում միջուկային հարվածի կիրառման հնարավորությունները խիստ սահմանափակ են»,- այսպես է Պուտինը պատասխանել խորհրդի անդամների՝ անձնական երաշխիք տալու խնդրանքին, որ Ռուսաստանն առաջինը միջուկային զենք չի կիրառի։
Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ ՌԴ միջուկային ռազմավարությունը պատասխան հարված է միջուկային զենքի կիրառմանը։ «Մենք խելքներս չենք թռցրել, մենք մեզ հաշիվ ենք տալիս, թե ինչ է միջուկային զենքը։ Մենք ունենք այդ միջոցները և դրանք առավել առաջնակարգ և ժամանակակից տեսքով են, քան ցանկացած միջուկային երկրի պարագայում։ Դա ակնառու է»,- ասել է Պուտինը։
Այս տարվա նոյեմբերին ամերիկյան The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Պարբերականի տվյալներով՝ ռուսական զինվորական հրամանատարությունը քննարկել է, թե երբ և ինչպես Մոսկվան կարող է կիրառել միջուկային զենքը։ Ընդ որում, թերթը նշում էր, որ Պուտինը չի մասնակցել այդ քննարկումներին։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել