
Այս տարվա հունիսի 1-ը Լիլիթը նշում է նոր տանը (վիդեո)
Լիլիթի աչքերն այսօր փայլում էին ոչ միայն երեխաների տոնի առիթով: Արարատի մարզի Սիփանիկ գյուղում ապրող աղջնակն իր կյանքի 11 տարիների ընթացքում առաջին անգամ առանձնասենյակ է ունեցել: Այն կահավորել է իր նախընտրած գույներով:
11-ամյա Լիլիթին «Հետքի» ընթերցողներն արդեն լավ գիտեն: Ոմանք նրա մասին տեղեկացել են հրապարակված հոդվածներից, ոմանք էլ անձամբ են հյուր գնացել նրան եւ ընկերացել հետը: Հիշեցնենք, որ Լիլիթը հիվանդ է մուկովիսցիդոզով եւ հաճախ է հազի նոպաներ ունենում:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Լիլիթը տանն էր նշում, քանի որ հիվանդության պատճառով չէր կարող հաճախել ոչ կենդանաբանական այգի, ոչ զբոսայգիներ ու զվարճանքի վայրեր, սակայն բավականին ուրախ էր: Այսօր, ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ Լիլիթը տոնական տեսք ուներ:
Լիլիթը պատմեց, որ սենյակի վարագույրներն ինքն է ընտրել, նույնիսկ ջահի գույնն է իր ցանկությամբ եղել: Մինչ այդ նա ապրում էր խոնավ ու առնետներով լեցուն վագոն-տնակում, եւ դժվար էր այնտեղ նույնիսկ առանձին անկյուն գտնել, ուր մնաց սենյակ ունենալ:
![]() |
![]() |
Լիլիթն իր սենյակում | Լիլիթն այսօր փուչիկներով էլ խաղաց |
Փետրվարի 2-ին Լիլիթը տուն ունեցավ` շնորհիվ «Հետքի» ընթերցողների, որոնք հավաքեցին տան պահանջված գումարը եւ հենց վագոն-տնակի կողքին քարե տուն գնեցին: Այժմ վագոն-տնակի երկաթե պատերը Լիլիթի ընտանիքի նոր տան բացօթյա պատշգամբի տանիքն են ծածկում:
Լիլիթն ասաց, որ իր նոր տանն իրեն երջանիկ է զգում. մուլտֆիլմեր է դիտում, խաղեր խաղում, հոգնելու դեպքում հանգիստ պառկում է, իսկ այս օրերին դասերն է պարապում, որպեսզի դպրոցական քննությունները լավ հանձնի եւ բարձր գնահատականներ ստանա:
Նա է մշակում նաև բակի վարդերը և կերակրում մայրիկից նվեր ստացած թութակներին:
![]() |
![]() |
Լիլիթը ցույց է տալիս չորացրած ծաղիկների թերթիկներից պատրաստած իր աշխատանքները | Լիլիթը, Մաշան և եղբայրը՝ Ֆելիքսը |
Լիլիթի մորաքույրը` Նարինեն, ով նույնպես վագոն-տնակում էր ապրում հենց Լիլիթենց հարեւանությամբ, պատմեց, որ ինքն ու իր երեխաները նույնպես տեղափոխվել են նոր տուն, եւ երկու քույրերով միմյանց օգնելով՝ կարողանում են պահել երեխաներին:
Նրանք արդեն զբաղվում են հողագործությամբ: Տնամերձ հողամասում կարտոֆիլ ու լոբի են ցանել, մի անկյունի վրա էլ լոլիկի ու սմբուկի սածիլ տնկել: Քանի որ քույրերը նախկինում Երեւանում են ապրել, գյուղատնտեսությամբ զբաղվելու փորձ չունեն, սակայն սկսել են քիչ-քիչ հունի մեջ մտնել ու սովորել: Արդեն նաև հավի ճտներ են պահում: Լիլիթը ճտերի մեջ ունի իր նախընտրածը, և նրան անուն է դրել՝ Մաշա:
Լիլիթի հետ մի քանի ժամ անցկացնելուց հետո հրաժեշտ տվեցինք միմյանց: Նա վերջում ասաց, որ շատ է կարոտել իր երեւանյան ընկերներին` համալսարանի ուսանողներին, ավելի տարիքով հյուրերին, ովքեր «Հետքի» հրապարակումներից հետո այցելել են նրան: Նա հույս ունի, որ նրանք նորից կգան, եւ ինքն արդեն կարող է նրանց ընդունել նոր տանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել