HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պետգնումների շրջանակում շինաշխատանքների պատվեր տալու դեպքում կնախատեսվեն օդի աղտոտման նորմերի պահպանման կետեր

Պետական մարմիններն այսուհետ շինարարական աշխատանքների պատվեր տալու դեպքում իրենց գնման պայմանագրում պարտադիր կնախատեսեն կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ: Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում։

«Նախորդ շրջանում Երևանում տեսանք, թե փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա, երբ շինարարարության ծավալները շատ մեծ թափ են հավաքել, բայց մյուս կողմից անընդհատ ահազանգեր ենք ստանում, տեսնում ենք նաև՝ օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում։ Պետք է այս հարցում լինենք հետևողական»,- նախագծի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առաջարկվում է սահմանել, որ շինարարական ծրագրերի գնման դեպքում պայմանագրում պետք է ներառվեն հետևյալ պարտադիր պայմանները՝

- կապալառուն կնքվելիք պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունն այդ աշխատանքների համապատասխանությունը հսկում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան,

- պատվիրատուն շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների նկատմամբ կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքների կատարման ողջ ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների, այդ թվում՝ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման յուրաքանչյուր արձանագրված դեպքի համար: Ընդ որում, դեպքերը և դրանց ի հայտ գալու պարագայում կիրառվելիք պատասխանատվության միջոցները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության,

- գնումների դիմաց վճարումները, ներառյալ կանխավճարի հատկացումն, իրականացվում է հաշվի առնելով լիազորված մարմնի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևով նախատեսված պայմանները։

Նախագիծը զեկուցող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կախված այդ կանոնները խախտելու նշանակությունից, հետևանքի բարդությունից՝ կնախատեսվեն համապատասխան կարգավորող միջոցներ։

Ըստ նախարարի՝ դրանք կարող են լինել կասեցման կամ ֆինանսական տույժի միջոցով։

«Սա դեռևս ամբողջական կարգավորում չէ, որովհետև լուծում է այն հարցը, թե պետությունն ինչպես է հարաբերվելու իր գնումների շրջանակում»,- ասաց նախարարը՝ հայտնելով, որ առաջիկայում փոփոխություններ կսահմանեն, որպեսզի այս կարգավորումները տարածվեն նաև մասնավոր հատվածի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter