HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Սյունիքի մարզը` բնապահպանական աղետի շեմին

Շուտով բաց եղանակով շահագործման կտրվի ևս մի հանք: Խոսքը Սյունիքի Ծավ համայնքի հարևանությամբ գտնվող Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի մասին է: Մայիսի 29-ին գյուղում կազմակերպված հանրային լսումները ցույց տվեցին, որ բնակիչների մի մասը, որքան էլ զարմանալի է, աջակցում են նախագծին և կողմ են հանքի շահագործմանը: Գյուղն աղքատ է և աշխատատեղերի կարիք ունի, իսկ «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» շահագործող ընկերության ժամանակավոր աշխատատեղերի մասին խոստումն էլ, իհարկե, գայթակղիչ է:

Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը գյուղում բաց եղանակով հանք շահագործելու գաղափարը չի ողջունում:

- Եթե բաց հանք շահագործվի, կաղտոտվի մեր հիանալի տարածքը: Ես համաձայն չեմ, որ գյուղում հանք շահագործվի: Հանրային լսումների ժամանակ էլ իմ կարծիքը հայտնել եմ,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:

Նշենք, որ հանքավայրն անմիջականորեն հարակից է Շիկահողի արգելոցին, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բազում կենդանիներ ու բույսեր: Դա Կովկասի եզակի կենսաբազմազանություն ունեցող վայրերից մեկն է: Հանքի շահագործումը կարող է ճակատագրական դառնալ արգելոցի համար:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն աբսուրդ է համարում արգելոցի տարածքում պայթեցումներ կատարելը: Մասնագետի խոսքով` այդ տարածքում ոսկու ֆանտաստիկ փոքր պաշարներ են, ընդամենը 275 հազար տոննա, ինչը հանքարդյունաբերության համար շատ փոքր թիվ է: Եթե լիներ, օրինակ, 275 միլիոն տոննա, այդ ժամանակ գոնե տրամաբանական կլիներ հանքի շահագործումը:

- Ինչպե՞ս կարելի է այդքան քիչ հանքաքարի համար այդ հիանալի տարածքը ոչնչացնել` միևնույն ժամանակ խախտելով ամբողջ ջրագոյացման և ջրամատակարարման համակարգը: Այդ հանքի շահագործումը վնաս է նաև տեղանքի կենդանական աշխարհին: Ստացվում է` ժամանակավոր աշխատատեղերի պատճառով մենք կորցնելու ենք այդ տարածքում երկրագործության հնարավորությունը,- ասում է Հ. Սանասարյանը: Նրա կարծիքով` հանքարդյունաբերությունը չպետք է դառնա գերակա ճյուղ, պետք է գարակա լինեն գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, իսկ հանքավայրերը շահագործելուց առաջ պետք է հաշվի առնվի` ծրագիրը ՀՀ-ի կործանմա՞նը, թե՞ զարգացմանն է միտված:

- 1 տոննա հանքաքարին ընկնում է 12 տոննա «դատարկ» ապար, ինչը նշանակում է, որ հանքի շահագործման դեպքում մեծ թվով թափոններ կառաջանան: Սյունիքի մարզը մորթոտվում է, բնակչության առողջական վիճակն էլ շատ վատ է: Ապրելու համար բնական միջավայր ստեղծելու փոխարեն մարդկանց վիճակն էլ ավելի են վատթարացնում,- ցավով նկատում է Կանաչների միության նախագահը:

Սյունիքի մարզի շահագործման ենթակա մյուս հանքը Սվարանցն է: Հանքի շահագործումից, բարեբախտաբար, դեռ նորություն չկա: Այս մասին տեղեկացանք Սվարանցի գյուղապետ Արթուր Մարգարյանից:

Նրա խոսքով` դեռ անցած տարվա դրությամբ` նախագիծը քննարկման փուլում էր: Պայմանավորվածություն կար, որ այս տարվա մարտ ամսին պետք է գային տարածքն ուսումնասիրելու: Բայց ոչ ոք էլ չի եկել, թե ինչ խնդիրներ են առաջացել շահագործող ընկերության մոտ` գյուղապետը չգիտի:

Նկատենք, որ Սվարանցի բնակիչներն էլ են կողմ հանքի շահագործմանը: Գյուղապետի պնդմամբ` հանքը նոր չի շահագործվում, այն մոտ 20-25 տարի աշխատել է: Հիմա էլ են ուզում նորից շահագործել:

- Բնակիչները համամիտ են: Հանքի շահագործման տարիներին գյուղում 123 տուն ունեինք, բնակիչները շատ էին, տները նույնիսկ չէին հերիքում: Իսկ հանքը փակվելուց հետո ժողովուրդը գյուղից թողել-հեռացել է, արտագաղթն է մեծացել: Այսօր գյուղի տների 50%-ը դատարկ է: Իսկ եթե հանքը շահագործվի ու աշխատատեղեր բացվեն, գյուղը նորից զարթոնք կապրի, բնակչությունը կաշխուժանա,- ասում է գյուղապետը` ավելացնելով, որ ինքն էլ է միանշանակ կողմ հանքի շահագործմանը:

Ներկայումս ՀՀ-ում շահագործվող հանքավայրերի թիվը հասնում է 499-ի, որից 18-20-ը մետաղական հանքավայրեր են: Ըստ մեր տեղեկությունների` մոտակա ժամանակներում տասնյակ մետաղական հանքավայրեր կարող են շահագործվել, եթե շահագործողների «դեմը չառնեն»:

Սյունիքում այսօր բազում հանքեր են շահագործվում: Դրանց թվում են` Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը, Լիճքի պղնձի հանքավայրը, Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրը, Շահումյանի ոսկու հանքավայրը, Զանգեզուրի և Գեղիձորի պղնձամոլիբդենային հանքավայրերը, ուրանի հանքավայրը, որի տարածքում են գտնվում Քաջարան քաղաքը, Լեռնաձոր, Ձագեձոր, Կաթնառատ, Փխրուտ գյուղերը և ևս չորս համայնքներ: Միայն Մեղրիում հանքի շահագործման 19 նոր լիցենզիա է տրվել:

Սյունիքի բնապահպանական խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ: Ակտիվ ընդերքօգտագործում, թափոններ, պոչամբարներ. սա այն ամենն է, ինչ կարելի է ասել մարզի ներկայի մասին, և այն բոլոր վտանգները, որ ծնունդ են առել Սյունիքում, պայմանավորված են հենց սրանով:

Լիլիթ Վահանյան

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ու ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԻՉ իրավիճակ է: Ես հասկանում եմ,որ ԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ հետևանքով Սյունիքում համատարած աղքատություն է ու որոշ մարդիկ (հիմնականում ստիպված) ցանկանում են հանքեր,որ աշխատեն ու ՍՈՎԻՑ չմեռնեն: Բայց սա ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՈՒՄ չէ,որովհետև այդքան շատ հանքերը ԿՈՐԾԱՆԵԼՈՒ են Սյունիքի ապրելու միջավայրը (eco-system-ը): Ես ԻՐՈՔ ԳՏՆՈՒՄ եմ,որ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ղեկը իր ձեռքը պիտի վերցնի,այսինքն. a) ԲՈԼՈՐ հանքերում գոնե 51% պետական բաժին, b) ԴԱՆԴԱՂԱՑՆԵԼ հանքանյութի ծավալի քանակի արտադրությունը,ՄԻԱԺԱՄԱՆԱԿ զուգահեռ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ զարգացնելով մաքուր արդյունաբերություն: Մոտ 4500 քառ.կմ. Սյունիքը ՖԻԶԻԿԱՊԵՍ ուղղակի ՉԻ ԿԱՐՈՂ մարսել ԱՅՍՔԱՆ ՇԱՏ հանքեր: Սա ուղղակի ՀԱՆՔԱՅԻՆ ՄԱՖԻԱՆ է ամեն քոլի տակ մի հանք բացում-իր ՍԵՓԱԿԱՆ շահույթի համար: Իսկ հարավային Սյունիքից «ընտրված» պապայի բալիկ- հանքերի տեր «պատգամավորը» ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ սա անվանում է «մի երկու կանաչի շոու»:Ձայնը տաք տեղից է գալիս:
լուսվա
Բնակիչներին մի մեղադրեք։ Նրանք պահպանել են հայրենի եզերքը, հարստացել են ոմանք։ Վերջիններս էլ. ,,միայն կաղին ունենան, ուտեն, պառկեն, գիրանան,,։ Բնակիչների համար դա արդարացուցիչ հանգամանք է, որպեսզի իրենք իրենց պարտադրեն թողնելու հողն հայրենաց և բռնել պանդխտության ճամփան։ Երևի Արևմտյան Հայաստանն էլ այնքանով է հարկավոր, որպեսզի հանքաստան դարձնեն։ Կրակն ենք ընկել անկախության ձգտելով։ Անտուն- անտեղ պիտի մնանք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter