HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը 100 մլն դոլար և 100 մլն եվրո վարկ է վերցնում բյուջեի պակասուրդը փակելու համար

Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է երկու վարկային համաձայնագրով 100 մլն ԱՄՆ դոլար և 100 մլն եվրո վարկ վերցնելու հարցը:

Առաջինը «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է: Խորհրդարանում համաձայնագրերը ներկայացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:

Վարկային համաձայնագրով վարկավորման չափը 100 մլն ԱՄՆ դոլար է: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2022թ. պետական բյուջեով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Ծրագրի շրջանակն է՝ հարկաբյուջետային պլանավորում, թափանցիկություն, ռիսկերի կառավարում, ինչպես նաև՝ պետական ծախսերի արդյունավետության բարձրացում, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումներ, պետական գնումների համակարգի արդիականացում, կանաչ տնտեսության քաղաքականության մշակում, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացում ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնում, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացում և այլն: 

Նշենք, որ վարկային համաձայնագիրը Հայաստանի պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է առաջացնում:

Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2023թ. հունիսի 30-ն է: Վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է՝ վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.6% մարժա, պարտավորության վճարի դրույքաչափը կազմում է տարեկան 0.15%: Այն հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ համաձայնագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 60-րդ օրվանից սկսված և վճարվում է կիսամյակային պարբերականությամբ՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ։

Մայր գումարը ենթակա է մարման հետևյալ ժամանակացույցով՝ 15.02.2026թ.-ից մինչեւ 15.02.2037թ., յուրաքանչյուր մարման մասնաբաժինը՝ 4.166667%, իսկ 15.08.2037թ-ի վերջին մարումը՝ 4.166659%: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին:

Վարկի մարման ժամկետը 12 տարի է, արտոնյալ ժամկետ՝ 3 տարի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆինանսների նախարարի տեղակալից հետաքրքրվեց՝ փող չկա՞ բյուջեում, թե այլ պատճառ կա: Ըստ պատգամավորի՝ վերջին ժամանակներում ճիշտ հակառակի մասին են բազմիցս լսել, որ փող կա: Այդ մասին հայտարարել է նաև կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ կապիտալ ծախսերը խայտառակ ձեւով թերակատարվել են, եթե այդ գումարները նպատակային ծախսվեին, ապա նոր վարկ վերցնելու կարիք գուցե չլիներ:

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ աշխարհում 1-2 պետություն կա, որ բյուջեում դեֆիցիտ չունի: 2022թ.-ին կանխատեսվել է 3% դեֆիցիտ, որի փակման համար բյուջետային աջակցության վարկ են վերցնում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հակադարձելով Արթուր Խաչատրյանին, նշեց, որ 3 տարի առաջ Լոռու մարզի շրջաններից մեկում 6-7 գյուղ կապող ճանապարհի վերանորոգման համար կառավարությունը մրցույթ է հայտարարել, սակայն 3 տարի է՝ կազմակերպությունը վերանորոգման աշխատանքներ չի կատարում:

«Գնացեք ձեր առաջնորդի ընտանիքի անդամներին ասեք թող ծախսերը կատարեն, այն պարտավորությունները, որ վերցնում են տենդերներ հաղթելով, կատարեն: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի խնամու մասին է խոսքը»,-հայտարարեց Վահագն Ալեքսանյանը:

Խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արթուր Խաչատրյանը  նշեց, որ երբ կապիտալ ծախսերի թերությունները շտկելու առաջարկ են ուղարկել կառավարություն, Ռոբերտ Քոչարյանի խնամու ընկերության մասին կառավարության պատասխանում ոչինչ չկար: Նշված է եղել, որ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը չեն կատարվել: Պատգամավորը նշեց, որ Կառավարությունը գրավոր խոստովանել է, որ կապիտալ ծախսեր չեն կատարել՝ չներկայացնելով նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, բայց դրա դիմաց, հավանաբար, պարգևավճար են ստացել:

Խորհրդարանը քննարկեց նաև «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագիծը կապված է մյուսի հետ և վերաբերում է բարեփոխումների նույն շրջանակին: Վարկի չափը 100 մլն եվրո է: 

Վարկի գումարը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով, ընդ որում՝ մասհանումը պետք է լինի առնվազն 50 մլն եվրո կամ եթե հասանելի միջոցները 50 մլն եվրոյից պակաս են, ապա՝ հասանելի գումարը: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2023թ. նոյեմբերի 17-ն է, առաջին մասհանման վերջնաժամկետը՝ 2023թ.ապրիլի 22-ը:

Յուրաքանչյուր մասհանման համար Հայաստանի կառավարությունը կարող է ընտրել տոկոսադրույքը՝ ֆիքսված կամ լողացող: Ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույքը Համաձայնագրում սահմանված է 3.87%: Լողացողի դեպքում՝ 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում՝ համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք)՝ ավելացրած 0.95% մարժա:

Վարկի ժամկետը 20 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Մայր գումարը ենթակա է մարման 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ սկսած 2028թ. մայիսի 15-ից մինչև 2042թ. նոյեմբերի 15-ը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ Սահմանադրական դատարանից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը կասկած է հարուցում, դրանք նման են կեղծիքի, քանի որ նույն օրը, նույն ժամին ընդունված վարկային համաձայնագրերի վերաբերյալ մի դեպքում ստորագրված է ՍԴ-ի 9 դատավորի, մյուսով՝ 8 դատավորի կողմից:

Նշենք, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը Սահմանադրական դատարանը որոշում է ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառավարությունը պետական պարտք է վերցնում, որ կառավարի արդեն վերցրած պարտքը: Պատասխանելով հարցին՝ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ մնշտ էլ բարելավման անհրաժեշտություն կա:

Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ այս իշխանությունների օրոք պետական պարտքը շատ բարձր տեմպերով է աճում: 2o18թ.-ից  մինչեւ հիմա 40%-ից ավելի է աճել պարտքը:

«Չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել՝ օրինակ դարձնելով կատակի, մատների արանքով նայելու առարկա, չի կարելի, որովհետև դա վերաբերում է մեր ապագա սերունդների զարգացմանը: Ինչպես «Covid»-ն էինք ձեռք առնում 2020թ.-ի սկզբին և մարդկանց մոտ ոչ ճիշտ վարքագիծ էինք ձևավորում, հետևանքները շատ լավ հիշում ենք՝ տնտեսական կորուստներով, մարդկային կորուստներով»,-հավելեց Թադևոս Ավետիսյանը:

Վարկային համաձայնագրերն ընդունվեցին՝ Ասիական բանկի վարկը՝ 60 կողմ  26 դեմ ձայնով, ֆրանսիական վարկը՝ 64 կողմ, 27 դեմ ձայնով։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter