HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն

Ազգային ժողովում Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստով քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով, միավորելով ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն:

Նախագծի հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ այս նախագծով հնարավորություն է ընձեռվում ոստիկանական համակարգերի նկատմամբ իրականացնել խորհրդարանական վերահսկողություն: Բացի այդ, նպատակ ունեն ստեղծել այնպիսի ոստիկանություն, որը կծավալի ապաքաղաքական գործունեություն:

Միավորվելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գործող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Ոստիկանության կրթահամալիրը: Ըստ Արփինե Սարգսյանի՝ միավորվելուց հետո նոր կրթական հաստատությունը գործելու է Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ «ռետինե» կամ «կաուչուկե» մահակ բառերը դուրս են մնացել նախագծից, և մնացել է միայն մահակ բառը: Պատգամավորը մտահոգված էր՝ արդյո՞ք ոստիկանությունը հնարավորություն կունենա մետաղական մահակներ օգտագործել:

Արփինե Սարգսյանը բացառեց մետաղական մահակների օգտագործումը, քանի որ դա հնարավորություն կարող է տալ անհամաչափ ուժ կիրառել: Թե ինչու են «ռետինե» և «կաուչուկե» բառերը դուրս մնացել նախագծից, ապա նախարարի տեղակալի խոսքերով՝ դրանով սահմանափակվում է օգտագործվող նյութի տեսակը, քանի որ այլ երկրներում մահակների համար օգտագործում են այլ նյութեր ևս:

Նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ արդյոք Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերացնելով՝ Կառավարությունն այն դիտարկում է որպես անարդյունավետ կառույց, և թե ինչպե՞ս է իրականացվելու ԱԻՆ-ի կազմում գործող առանձին ստորաբաժանումների գործառույթները Ներքին գործերի նախարարության կազմում:

Արփինե Սարգսյանն ասաց, որ Կառավարությունը անարդյունավետ չի համարում նախարարության գործունեությունը: Պարզապես նպատակը աղետների, ճգնաժամային իրավիճակներում մեկ կետից կառավարումն է: Սարգսյանը նշեց, որ գործառույթները փոխանցվելու է նորաստեղծ նախարարությունը, սակայն Ներքին գործերի նախարարությունը չի լինելու Արտակարգ իրավիճակների նախարարության իրավահաջորդը:

Արծվիկ Մինասյանը հիշեց Գյուղատնտեսության, Սփյուռքի նախարարությունների օպտիմալացումների անվան տակ լուծարումները, որից հետո ոչ գյուղատնտեսության վիճակն է բարելավվել, ոչ էլ սփյուռքի հետ կապերն են սերտաճել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը փոխնախարարից հետաքրքրվեց, թե որն է լինելու ոստիկանի ընդունելի կերպարը: Արփինե Սարգսյանն ասաց, որ ընդունելի է այն կերպարը, որը կլինի բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը ծառայող: Սարգսյանը հավելեց, որ «այլ ձևաաչափ» չեն տեսնում:

Ընդդիմադիր պատգամավորները թերահավատորեն մոտեցան, որ կատարվող փոփոխությունները «կբարեփոխեն» ոստիկաններին: Նրանք վկայակոչում էին Եռաբլուրում զոհվածների մերձավորների նկատմամբ բռնության, տարբեր ցույցերի ժամանակ ընդդիմադիր անձանց նկատմամբ ոստիկանության բաժիններում բռնի ուժի կիրառման դեպքերը: 

Իշխող խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրկելյանը ելույթի ժամանակ հակադարձեց ընդդիմությանը՝ ասելով, որ Վովա Գասպարյանից քաղաքականացված ոստիկանապետ ոչ ոք չի եղել, հետևաբար պետք չէ խոսել քաղաքականացված ոստիկանությունից: Նա հորդորեց մի քիչ իրատեսական լինել, ոչ թե քննարկել՝ «մահակը կոժից» լինի, թե այլ նյութից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արտահերթ ելույթով հանդես եկավ՝ ընդդիմությանը հիշեցնելով, որ բողոքի ակցիաների շրջանակներում ոստիկաններին «բրդեցին», «գրկեցին», ինչ ասես, որ չարեցին: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը «գործողությունների համար»:

Օրենսդրական նախաձեռնության քննարկումն անցավ միմյանց նկատմամբ հնչող մեղադրանքներով: Իշխանական պատգամավորները մեղադրում էին նախկինների ժամանակ գործող ոստիկաններին՝ «վայրագություններ» թույլ տալու մեջ, ընդդիմությունն էլ այսօրվա ոստիկանության «վայրագություններից» էր խոսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter