HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հարցի քննարկումն անցավ «աննկատ»

Ազգային ժողովը գրեթե աննկատ՝ առանց բանավեճերի, քննարկեց Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու և «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին: Հիմնական զեկուցողը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էր:

Կառավարությունն այս օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու պահանջով:

Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:

Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը հետաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ըստ Կառավարության ներկայացրած տվյալների՝ 2015թ. մինչև այս տարվա նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն:

«2022 թվականն աննախադեպ է դիմումների եւ տրամադրված հավաստագրերի քանակով: Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են»,- նշված է նախագծի հիմնավորումներում:

Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը համառոտ ներկայացրեց նախագիծը:

Ընդդիմադիր պատգամավորներն ընդհանրապես հարցեր չուղղեցին Կառավարության ներկայացուցչին: Բանախոսին հարցեր ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր:

Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց՝ արդյոք կա այն ներուժը, որ ծանոթանան արդյունքների, վիճակագրական տվյալների հետ, որպեսզի ոլորտն ավելի մրցունակ դարձնեն: Դավիթ Սարգսյանն ասաց, որ այդ ներուժը կա, և կաշխատեն այդ ուղղությամբ:

Սարգիս Խանդանյանին էլ հետաքրքրում էր, թե որն է դրդապատճառը աջակցության ծրագրերը ներկայացնելու համար: Սարգսյանը նշեց, որ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ձևավորվել է մասնագետներից, ոլորտի ներկայացուցիչներից, խորհրդատուներից բաղկացած աշխատանքային խումբ, որոնք էլ աշխատել են օրենքի նախագծի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter