HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ. Առաջիկա ամիսներին կարող է կայանալ «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը

Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափի երկրորդ հանդիպումը կարող է կայանալ արդեն առաջիկա ամիսներին։ Այդ մասին TACC գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա նշել է, որ ներկայումս իրականացվում է հանդիպման կազմակերպչական հարցերի քննարկումը։

«Ներկայումս շարունակվում է «3+3» ձևաչափով երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական հարցերի մշակումը։ Հույս ունենք, որ այն կկայանա առաջիկա ամիսներին։ Ելնելով բոլոր մասնակիցների տրամադրվածությունից՝ դրան մասնակցության հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստանին»,- ասել է Գոնչարը։

«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր ուղիղ մեկ տարի առաջ այս օրը։ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում առկա իրավիճակը հավաքվել էին քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները։ Հայաստանը մասնակցում էր արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով։ 

Մասնակցության հրավեր էր ուղարկվել նաև Վրաստանին, սակայն այդ երկրի իշխանությունները հրաժարվել էին մասնակցել։ Պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ներկայումս իրականացվում է այս ձևաչափով հարթակի երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Նրա խոսքով՝ ներկայումս համաձայնեցվում էին հանդիպման ժամկետներն ու օրակարգը։

«3+3» ձևաչափի ստեղծման գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն են։ Նրանք նշել էին, որ այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter