HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ պնդմամբ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ձգտում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից

Մոսկվան արձանագրում է Բաքվի և Երևանի հետ փոխգործակցության ձևաչափերում մխրճվելու Արևմուտքի համառ ձգտումը, իսկ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Այդ մասին TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Շարունակում ենք գրանցել նրանց (խմբ. Արևմուտքի երկրների) համառ ձգտումը «խցկվելու» Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր եռակողմ ձևաչափեր։ Եվ ինչքան էլ Բրյուսելում և Վաշինգտոնում չփորձեն այլ բան ցույց տալ, դրա հետևում կանգնած է Անդրկովկասից Ռուսաստանի դուրսմղումը, այլ ոչ թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իրական և անկեղծ ձգտումը։ Հատկանշական է, որ Վաշինգտոնում և Բրյուսելում վախենում են նույնիսկ դրական կերպով հիշատակել Ռուսաստանին և ընդունել եռակողմ պայմանավորվածությունների առանցքային նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը։

Նրա խոսքով՝ նման գնահատականների հիմքում Ռուսաստանն ընկալում է Հայաստանում ԵՄ ժամանակավոր մոնիթորինգային առաքելության գործունեությունը, «ինչպես նաև, շրջանցելով փոխհամաձայնության կանոնները, տարածաշրջան ԵԱՀԿ առաքելության ուղարկման կազմակերպման փորձերը»։ 

Հարցազրույցի ընթացքում Գոնչարը պնդել է, որ «երկու կողմերի հետ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան լարվածությունը»։

«Հայկական կողմի խնդրանքով՝ ՀԱՊԿ գծով ևս օպերատիվորեն իրականացվել են քայլեր, ներառյալ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրումը, կազմակերպության գլխավոր քարտուղարի և Միացյալ շտաբի պետի ուղարկումը տեղում իրավիճակին գնահատական տալու, Հայաստանի սահմանային շրջաններ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ուղարկման մշակումը։ Սահմանին իրավիճակը առարկայական քննարկվել է նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի ամենամյա նիստի ժամանակ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Գոնչարը նաև նշել է, որ հայկական կողմի հետաքրքրվածության պարագայում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը տարածաշրջան ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ուղարկման ուղղությամբ։ «Այս ընկալմամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը Բաքվի և Երևանի միջև սահմանային խնդիրների երկարաժամկետ կարգավորումը տեսնում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման միջոցով, ներառյալ սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործնական և ռիթմիկ աշխատանքի մեկնարկը»,- հավելել է ռուսաստանցի դիվանագետը։

Լուսանկարը՝ realtribune.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter