Այսօր կհրապարակվի Հոսնի Մուբարաքի դատավճիռը
Այսօր կհրապարակվի Եգիպտոսի նախկին նախագահ, ժողովրդական ապստամբության հետևանքով 2011թ. փետրվարին հրաժարական տված Հոսնի Մուբարաքի գործով դատավճիռը:
CNN-ի տեղեկացմամբ՝ դատավճռի հրապարակման ժամանակ ուժեղացված ծառայություն կիրականացնի 5 հազար ոստիկան, քանի որ բարկացած ցուցարարները կարող են դուրս գալ Կահիեի փողոցներ՝ կրկնելով այն ցույցները, որոնք գահընկեց արեցին 30 տարի շարունակ Եգիպտոսը ղեկավարած Մուբարաքին:
Մուբարաքը մեղադրվում է կոռուպցիայի, փողերի յուրացման և ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ: Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 18-օրյա հակակառավարական ցույցերի ու բախումների ընթացքում զոհվել է մոտ 840 մարդ, վիրավորվել ավելի քան 6 հազարը:
Մուբարաքը կարող է դատապարտվել մահապատժի, ազատազրկման կամ արդարացվել ու ազատ արձակվել:
Ակնկալվում է, որ այսօր կհրապարակվեն գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Մուբարաքի որդիներ Գամալի ու Ալաայի և Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլիի դատավճիռները: Ալ-Ադլին ևս մեղադրվում է ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու, իսկ Մուբարաքի որդիները՝ կոռուպցիայի և իրենց հոր քաղաքական իշխանությունը չարաշահելու մեջ:
Ալ-Ադլին մայիսին արդեն մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի ու փողերի լվացման մեջ և դատապարտվել 12 տարվա ազատազրկման:
Մուբարաքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել