HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամովն ազդարարել է հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլի մասին

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է ներկայացրել, և հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը սպասվում է առաջիկա շաբաթներին։ Ա՝դրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, այդ մասին Բրյուսելում Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

Նրա խոսքով՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո սկիզբ է դրվել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցությունների։ «Չնայած պատերազմի կործանարար հետևանքներին <...>, Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է խաղաղություն՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման հիմքի վրա»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

Բայրամովն ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Այս իմաստով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումները բեղմնավոր են եղել։ Ադրբեջանը շարունակում է աջակցել այդ ձևաչափին և պատրաստ է այդ ուղղությամբ համատեղ գործունեությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ չնայած երկկողմ բանակցություններում առկա որոշակի դինամիկային, ձեռքբերված առաջընթացը մնում է սահմանափակ։

Բայրամովը դարձյալ մեղադրել է Հայաստանին, թե վերջինս խուսափում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից, սահմանների սահմանազատումից և հաղորդակցությունների ապաշրջափակումից։ 

Նույն գագաթնաժողովին հայկական կողմը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փոխարեն ներկայացրել է նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակաբար սպառնում է կրկին ուժ կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլև ագրեսիայի մի քանի գործողություն է կատարել՝ բռնազավթելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 140 քառ. կմ տարածք։ «Սեպտեմբերի 13-14-ը, ձեռնարկելով լայնածավալ ագրեսիա, Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածներ, դպրոցներ, հիվանդանոցներ, հանգեցնելով ավելի քան 200 զոհի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցնելով անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ անցնող տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես փորձեր է արել էթնիկական զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում մնացած 120.000 մարդկանց հանդեպ՝ սպառնալով կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շահագործմանը, ինչը համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

«Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Իր ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների»,- ընդգծել է հայ դիվանագետը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter