
Սամվել Լաբլաջյանի ձկնաբուծարանում անկել և թաղվել է 58 տոննա ձուկ
ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքում գործող «Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
«Մասնավորապես՝
- ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին,
- չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա,
- ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին,
- չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան:
Մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով թաղվել է 58 տոննա ձուկ:
Տնտեսավարողին տրվել են հանձնարարականներ հստակ փաստաթղթավորման, մատյանների վարման, ախտահանություն իրականացնելու վերաբեյալ»,-նշված է հաղորդագրությունում։
Այս ձկնաբուծարանին «Հետքը» անդրադարձել է՝ «Արամ Հարությունյանի նախկին վարորդն ու եղբայրը տիրանում են ուրիշների հողերին․ ձկնաբուծարան են կառուցում» վերնագրով հետաքննությունում։ Մենք պարզել էինք, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնյա Արմեն Լաբլաջյանի եղբայրը՝ Սամվել Լաբլաջյանը, տիրացել այլոց հողերին, տեղում ապօրինի ձկնաբուծարան կառուցել։
Մեկնաբանել