HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին առկա իրավիճակին

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին առկա իրավիճակը գտնվում է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։ Այդ մասին նա հայտարարել է ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։

Ամերիկացի դիվանագետը շեշտադրումը դրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերացման ու ապասրման անհրաժեշտության վրա։ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ֆիլ Ռիքերը այս հարցով գտնվում է Բաքվի և Երևանի պաշտոնատար անձանց հետ կապի մեջ։

«Մենք դա արել ենք Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Եվ Ֆիլ Ռիքերը՝ մեր ավագ խորհրդականը, ակտիվորեն փոխգործակցում է երկու կողմերի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի վստահ լինենք, որ անում ենք ամեն ինչ, ինչը մեր ուժերի մեջ է»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին։ Քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում արդեն երկրորդ օրը փակել են ճանապարհը՝ Արցախի բնակչության պահելով շրջափակման մեջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։

Հրապարակված կադրերից երևում է, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են Շուշիի հատվածում, իսկ նրանց շարքերում կան նաև ռազմաքաղաքական ակտիվիստներ, ինչպես, օրինակ, Թելման Ղասիմովը, որը պարբերաբար հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter