Լոս Անջելեսում բացվել է Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը
Հունիսի 1-ին Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում, բացվեց ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը՝ «Երևակայական բնապատկերներ» խորագրով: Ցուցահանդեսի շրջանակներում մեկ ամիս շարունակ ամերիկահայ համայնքին կներկայացվեն նկարչի բնանկարներն ու քանդակները:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոս Անջելեսի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ՝ նկարիչներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, հասարակական և քաղաքական գործիչներ: Ելույթ ունեցան Ժան Կազանչյանի կինը՝ արվեստաբան Քրիստին Արժիլեն և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, սյուրռեալիզմի վերլուծաբան, քննադատ Գլորիա Օբերսթայնը:
ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով «Հայաստանի տանը» Ժան Կազանչյանի ցուցահանդեսի բացումը, շեշտեց, որ հյուպատոսության այդ նախաձեռնությունը ուղղված է համայնքի նշանավոր դեմքերին առավելագույնս ճանաչելի դարձնելուն, և այն շարունակական կլինի:
Հայտնի նկարչի աշխատանքները բազմիցս ցուցադրվել է աշխարհի շատ երկրների հեղինակավոր սրահներում: Ժան Կազանչյանը ծնունդով մուսալեռցի է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լիբանանում, երկար տարիներ ապրել Ֆրանսիայում: Այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել